2012-ին անցում է կատարվելու միկրոավտոբուսներից` ավտոբուսներին. Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթեւեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս:
‘’ Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում եւ շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու եւ ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում’’,-նշել է քաղաքապետը:
Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաեւ շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային եւ Լենինգրադյան փողոցին:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետեւանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթեւեկությամբ ծանրաբենված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների ու թերությունների վերաբերյալ կազմվում են համապատասխան արձանագրություններ: Զեկուցվել է նաեւ, որ փետրվարին հասարակական կազմակերպությունների հետ անցկացված մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել 234 ավտոբուսային եւ 830 միկրոավտոբուսային երթերում: Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո անբավարար է գնահատվել մեքենաների սրահների ընդհանուր վիճակը եւ այժմ աշխատանքներ են տարվում դրանք շտկելու ուղղությամբ: Քաղաքապետը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ եւ տեսանելի կլինեն այն ժամանակ, երբ նվազեն քաղաքացիների դժգոհությունները:
‘’2012 թվականին տրասպորտի ոլորտում անկնկալում ենք մի շարք փոփոխություններ մասնավորապես երթուղային նոր ցանցի շահագործման հետ կապված, ինչպես նաեւ միկրոավտոբուսներից ավտոբուսների անցման ուղղությամբ’’,-ընդգծել է Տարոն Մարգարյանը, ողջունելով ներկայացվող այն առաջարկությունները, որոնք ուղղված են հասարակական տրասպորտի սպասարկման բարելավմանն ու զարգացմանն եւ առաջարկել է համատեղ քննարկում կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների հետ` ներգրավելով նա հասարակական սեկտորին:
Henaran.am -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից