Տարին գյուղատնտեսության առումով բարեբեր կլինի
‘Երեկ 7 ֆերմերային տնտեսություններ նամակ են հղել վարչապետին, որպեսզի սերմնացուների ցուցակի հաստատաման պրոցեսն արագացնեն: Մինչեւ ԱԺ-ն կհաստատի այն, մենք այդ ընթացքում ժամանակ ենք կորցնում, գյուղատնտեսական տարի ենք կորցնում’,- այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Հայաստանի ագրարագյուղացիական միավորում’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով` այդ 7 ֆերմերային կազմակերպությունները սերմնացուի ամեն սորտի համար արդեն վճարել են 80 հազար դրամ, ընդհանուր թվով 2 մլն դրամ են մուծել, սակայն քանի դեռ սերմնացուների ցուցակը պատրաստ չէ, այդ կազմակերպությունները չեն կարող ներկրել սերմնացու եւ կորցնելով ժամանակ, մեծ չափերի վնասներ կկրեն:
‘Ամեն տարի հունվար ամսին հաստատված է լինում այդ ցուցակը, այս տարի դեռ հաստատված չէ, ինչու են ձգձգում, դա արհեստական խոչընդոտ է’,- համոզմունք հայտնեց Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ կարգն է այդպիսին` գյուղացիները նախապես վճարում են սերմնացուների համար, հետո հաստատվում է ցանկը, եւ թույլատրվում է ներկրել:
Բանախոսը նշեց նաեւ, որ այս տարի ժամանակային առումով հետ կընկնի վեգետացիոն շրջանը, այսինքն` գյուղացին բերքը կհավաքի նախատեսվածից 20 օր ուշ: Սակայն առատ ձյան տեղումների շնորհիվ տարին գյուղատնտեսական առումով բարեբեր կլինի:
‘Անասնակերի մեծ պաշար կունենանք, ապահոված կլինենք անջրդի հողերով, պետության տրամադրած սուբսիդիաները նույնպես կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը: Հույս ունենք, որ սուբսիդիաները միշտ կլինեն, այլ ոչ միայն նախընտրական տարիներին’,- եզրափակեց Հ.Բերբերյանը: