ԵՊՀ ուսանողուհին ցած է նետվել 12-րդ հարկից, 3-րդ հարկում կանգ առել
Մարտի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում Շտապ օգնության ենթակայանից ահազանգել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Հարավ Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
news.armeniatv.com-ը նշում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդման համաձայն, նշված շենք է մեկնել Երեւանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել եւ Շտապ օգնությանն է հանձնել այդ աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ աղջիկը Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Հ. Աբաջանյանն է, որն, ըստ հարեւանների, տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Նա 12-րդ հարկից ցած է նետվել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են:
Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը եւ արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: