Շարմազանովն ասաց, թե երբ կունենանք Ծառուկյանի ուզած Հայաստանը
Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ինքը պ-ն Օսկանյանին պարզապես հիշեցնում է, որ նա այլեւս այն իշխանական կուսակցության անդամն է, որը վերջին 5 տարիների ընթացքում քաղաքական պատասխանատվություն է կրել քաղաքական եւ տնտեսական կուրսի համար: Հիշեցնենք, որ Օսկանյանը խոսել է Հայաստանում առկա աղքատության եւ արտագաղթի մասին: Էդուարդ Շարմազանովը Օսկանյանին նաեւ խորհուրդ է տալիս` “լավ կլիներ անդամագրվեր որեւէ ընդդիմադիր կուսակցության, այլ ոչ թե կոալիցիայի անդամ քաղաքական ուժի”:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինչպես է ստացվում, որ հայերը հայրենիքից դուրս կարողանում են հաջողությունների հասնել, իսկ հայրենիքում՝ ոչ, ՀՀԿ խոսնակը կարծում է, որ մեր հայրենիքում ապրող ամեն մեկը իր պարտականությունը պետք է անի:
“ Եթե Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կատարի իր պարտականությունները, քաղաքական գործիչը լինի պարկեշտ, մանկավարժը՝ պարկեշտ մանկավարժ, իսկ գործարարը` պարկեշտ վճարի հարկերը եւ ստվերից դուրս գա, ապա կունենանք շատերի երազած Հայաստանը”,-ասաց Շարմազանովը: Իսկ սրան ՀՀԿ-ն հավատում է եւ ԱԺ ընտրություններից առաջ կոչ է անում բոլորին հավատալ, որ փոխվեն:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի ելույթը լսելուց հետո` չհեռացավ համագումարից, մնաց մինչեւ վերջ, մինչդեռ Ծառուկյանը ՀՀԿ համագումարի կեսից հեռացել էր, ՀՀԿ խոսնակի համոզմամբ, այդ պահվածքով եւս Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ի դեմս իրեն Հայաստանն ունի “իմաստուն, ռեֆորմատոր եւ համագործակցության գնացող նախագահ”:
“ Մեր երկրի նախագահի համար թանկ է յուրաքանչյուր քաղաքական գործչի կարծիք, որը նա պատրաստ է լսել”,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
։