Շարժունակության քարտեր երիտասարդներին

Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել “Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին” Հայաստանի Հանրապետության միանալու առաջարկությունը:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից, որն արժանացել էր նաև շահագրգիռ գերատեսչությունների հավանությանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի փոխանցմամբ “Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին” Հայաստանի Հանրապետության միանալը նպաստելու է հանրապետության երիտասարդ քաղաքացիների շարժունակության բարձրացմանը, միջազգային երիտասարդական ծրագրերին առավել արդյունավետ ներգրավմանը:
Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում շարժունակությանը նպաստող հիշյալ քարտը մեծ տարածում ունի և այն միավորում է շուրջ 5 000 000 երիտասարդ մարդկանց` ապահովելով առավել արդյունավետ ներգրավվածություն միջմշակութային, կրթական ծարագրերին, մատչելի տեղեկատվության ստացմանը, երիտասարդական հետազոտությունների իրականացմանը:
Ինչպես տեղեկացանք, Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն իսկ շուրջ 320 կազմակերպություն այս համակարգի միջոցով պատրաստվում են զեղջեր տրամադրել բոլոր քարտատերերին` ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ` արտերկրից ժամանած հյուրերին:
Henaran.am-ին փոխանցում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից