Մարգարիտն առանց “Առավոտի” իր կյանքը չի պատկերացնում, մինչդեռ Արամը վճռական է
Օրերս ՀՀԿ շարքերը համալրած եւ ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ հորիզոնականում գտնվող Մարգարիտ Եսայանն այլեւս “Առավոտ” օրաթերթի լրագրող չէ:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց թեթրի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, նշելով, որ “Առավոտ”-ում աշխատող լրագրողները պետք է անկուսակցական լինեն եւ նրանք բոլորը գիտեն այդ մասին: “Հարցը այստեղ Հանրապետականը չէ, պատկերացրեք ես Դաշնակցական եմ եւ խմբագրական եմ գրում: Այդ դեպքում դուք որպես ընթերցող կմտածեք ոչ թե որպես լրագրող եմ գրել ,այլ որպես կուսակցական”,-ասաց Արամ Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով, անկախ ընտրության արդյունքներից` Եսայանը չի աշխատի “Առավոտ”-ում: Չնայած այս ամենին, ըստ “Առավոտի” գլխավոր խմբագրի` Մարգարիտ Եսայանը մնում է իր ամենամտերիմ բարեկամներից մեկը:
Տիկին Եսայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ առանց “Առավոտի” իր կյանքը չի պատկերացնում, բայց համաձայն է խմբագրի այն տեսակետին, որ երբ մարդ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, պիտի թողնի լրատվությունը: “Իհարկե, Արամը էլի իմ բարեկամն է, իմ մտերիմն է, իմ ընկերն է, իմ խորհրդատուն է”,-ասաց Մ. Եսայանը:
Այն հարցին, թե որտե՞ղ է մտադիր աշխատելու, Եսայանն ասաց. “Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն մայիսի 6-ին ստանալու է ձայների մեծամասնությունը, եւ ես կընտրվեմ պատգամավոր, կաշխատեմ խորհրդարանում”: