Կոալիցիայի անդամները բոլոր կարեւոր օրենքները քվեարկել են այնպես, ինչպես ՀՀԿ-ն. Շարմազանով

ԲՀԿ-ն հինգ տարի շարունակ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ եղել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացների պատասխանատուն: Այսօր լրագրողների խնդրանքով այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ-ական, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին, որը հնչեցվեց ԲՀԿ համագումարին:
Հիշեցնենք, որ ելույթը քննադատում էր ՀՀ տնտեսական ու քաղաքական իրավիճակը: Էդուարդ Շարմազանովը Վարդան Օսկանյանին հիշեցրեց, որ նա այսուհետ իշխանական կուսակցության անդամ է: “Կոալիցիայի անդամները ստորագրել են իշխող կոալիցիայի հուշագիր, բոլորը պատասխանատու են, բոլորը կառավարության անդամներ են: Ի դեպ, իշխող կոալիցիայի ներկայացուցիչները , թե կառավարությունում, թե ԱԺ-ում կողմ են քվեարկել բոլոր կարեւորագույն օրենքներին: Սկսած ՀՀ պետական բյուջեից` մեր գործընկերները քվեարկել են այնպես, ինչպես քվեարկել է ՀՀԿ-ն”,-նշել է Շարմազանովը եւ հավելել.”Եթե քեզ մի բան դուր չի գալիս, կարող ես դուրս գալ եւ քննադատել: Դա ավելի պարկեշտ է “: