Հին ու նոր հանրապետական չկա, կա “Հանրապետական” կուսակցություն. Շարմազանովը` ցուցակի մասին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների խնդրանքով որոշ մեկնաբանություններ է ներկայացրել ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ:
Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու որոշ հին ՀՀԿ-ականների փոխարեն ցուցակի վերին շարքերում հայտնվել են նորեկ ՀՀԿ-ականներն ու անկուսակցականներ:
“Հին ու նոր հանրապետականներ ասելը ճիշտ չէ, կա Հանրապետական կուսակցություն, կա կուսակցության ցուցակ, որտեղ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ յուրաքանչյուրն իր ֆունկցիան ունի եւ իր լուման պետք է ներդնի, որպեսզի մենք գնանք այդ բարեփոխումների կուրսով”,-նշել է Շարմազանովը, հավելելով, թե ով է ասել, որ “Էդուարդ Շարմազանովն ավելի շատ իրավունք ունի, որ Հանարապետական է 2001թ-ից, քան երկու օր առաջ անդամագրված Շուշան Պետրոսյանը”:
Շարմազանովը շեշտել է, որ կուսակցության խոհուրդը քննարկել եւ միաձայն հաստատել է ներկայացված ցուցակը: Ինչ վերաբերվում է ՀՀԿ ընտրացուցակում ոչ հանրապետականների ներգրավման մասին հարցին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ առաջին անգամը չէ, որ ՀՀԿ-ն իր ցուցակում ներառում է անկուսակցականների կամ ոչ հանրապետականների:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն վերջիններիս ավելի շատ է կարեւորում, քան հանրապետականներին, Շարմազանովը պատասխանել է.”Մեզ մոտ 205 հոգին էլ կարեւոր են”: Ինչ վերաբերվում է անցողիկ տեղերին, մեր զրուցակիցը նշել է, որ այդ հարցը որոշում է ժողովուրդն իր քվեարկությամբ: