28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կոտայքի մարզպետարանում Վերահսկիչ պալատն արձանագրել է ավելի քան 22 մլն դրամի խախտում

Հայաստանի Վերահսկիչ պալատը (ՎՊ) ուսումնասիրություններ է կատարել Կոտայքի մարզպետարանում եւ հայտնաբերել զգալի խախտումներ: Այդ մասին տեղեկանում ենք ՎՊ ներկայացրած հաշվետվությունից: Նշենք, որ Կոտայքի մարզը ղեկավարում է Կովալենկո Շահգալդյանը:

Վերահսկիչ պալատի` Կոտայքի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների, բյուջետային մուտքերի ուսումնասիրությունը ընդգրկել է 2009-2010 թվականները եւ 2011 թվականի 9 ամիսները: Այսպես. Ըստ ՎՊ ներկայացրած հաշվետվության, Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման ծրագրի իրականացման համար ծախսերի ընդհանուր գումարը վերահսկողության ժամանակաշրջանի համար կազմել է 1 մլրդ 956 մլն 567.6 հազար դրամ: Ընտրանքային կարգով ստուգվել է 10 օբյեկտ, ստուգված գումարը կազմել է 400,378.9 հազար դրամ: Ստուգման արդյունքում արձանագրվել է 22մլն 496.63 հազար դրամի խախտում:

ՎՊ-ն արձանագրել է նաեւ, որ շինարարության վարման մատյանները լրացվել են թերի եւ սահմանված կարգի խախտումներով, ծածկված աշխատանքների ակտերը կազմվել են թերի, սահմանված կարգի խախտումներով, բացակայում են օգտագործված շինարարական նյութերի որակի հավաստագրերը:

Մասնավորապես, հայտնաբերվել է, որ Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի շենքի հիմնանորոգման նախագիծը կատարված է թերի կազմով եւ բովանդակությամբ, նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցված չեն, տանիքի փայտե կոնստրուկցիաների գծագրերը կատարված են թերի, տանիքը իրականացված է նախագծային շեղումներով, որոշ հատվածներում` նախկինում օգտագործված փայտանօութից, անորակ են կատարվել տանիքի փայտյա կոնստրուկցիաների տեղադրման, ալյումինա – պոլիկարբոնատե միջնորմերի պատրաստման աշխատանքները, երկաթ-բետոնյա գոտու գործիքային ստուգումներից պարզվել է, որ տեղում բետոնի մակնիշը ավելի ցածր է պահանջվող նախագծային մակնիշից:

Իսկ ահա Չարենցավանի թիվ 1 դպրոցի նորոգման ժամանակ անորակ են կատարվել ասֆալտբետոնե ծածկույթի կառուցման, պատերի առաստաղների լատեքսային եւ յուղաներկով ներկման, պատերի գաջե սվաղի աշխատանքները:

ՎՊ ստուգողները ուսումնասիրություն են կատարել նաեւ այն ընկերություններում, որոնցում պետությունը 50 տոկոսից ավել մասնաբաժին ունի: Կոտայքի մարզում այդպիսիներից ստուգման են ենթարկվել ‘’Աբովյանի բժշկական կենտրոն’’ եւ ‘’Չարենցավանի բժշկական կենտրոն’’ ՓԲԸ-ները, որոնցում, ըստ հաշվետվության. Հայտնաբերվել է ընկերությունների գործունեության հետ չկապված եւ հիմնական գործունեությանը չառնչվող 1 մլն 316.2 հազար դրամի ոչ նպատակային ծախս:

Մասնավորապես, ‘’Չարենցավանի բժշկական կենտրոն’’ ՓԲԸ-ի կողմից տրամադրված բժշկական տեղեկանքներից 195 հազար դրամի 39 տեղեկանք հաշվառվել, սակայն չեն վճարվել ընկերության ղրամարկղ, որը ենթակա է վերականգնման:

Ըստ ՎՊ եզրակացության, 2 բժշկական հիմնարկների վերահսկողության ընթացքում արձանագրվել է 3 մլն 076.8 հազար դրամի խախտում, որից 1,565.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետբյուջե, իսկ 195.0 հազար դրամը` ընկերություններին:
Այս եւ այլ խախտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատը դիմել է մարզպետ Շահգալդյանին միջոցներ ձեռնարկել վերահսկողությամբ արձանագրված խախտումները եւ բացթողումները վերացնելու, ՀՀ պետական բյուջեին հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ