Խմելու ջրի հետ կապված բոլոր վատ երեւույթները պատճառ են ‘ծերացած’ ջրային համակարգի առկայության
Հայաստանում Ջրի միջազգային օրը նշվում է 1993 թվականից եւ ամեն տարի մարտի 22-ին հանրությանն են ներկայացվում ջրային ռեսուրսների հետ կապված հիմնահարցերը: Այս տարի Հայաստանը ջրի համաշխարհային օրվան կմասնակցի ‘’Լինե´նք հոգատար’’ կարգախոսով:
Հայաստանում ջրային ռեսուրսների 80-ից 88 տոկոսի կորուստ կա, որն առաջացել է ջուրը չխնայելու ու ջրային պաշարներն անարդյունավետ օգտագործելու հետեւանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանը, Գլոբալ ջրային համագործակցության հ/կ նախագահ Արեւիկ Հովսեփյանը եւ Սննդի անվտանգության ու որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Վահե Դանիելյանը` խոսելով սննդի մեջ օգտագործվող ջրի անվտանգության շուրջ:
Բանախոսները կարեւորեցին հատկապես ջրի կիրառման հետեւանքով սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրների լուծումը. ‘’Հայաստանում կեղտաջրերը մակերեւութային ջրային ահմակարգեր են թափանցում առանց մաքրման ճանապարհ անցնելու՝ իրենցից մեծ վտանգ հանդիսանալով պարենի համար’’,-ասաց Արեւիկ Հովսեփյանը:
Լիլիթ Հարությունյանն նշեց, որ Հայաստանում խմելու ջուրն անհամեմատ մաքուր է ու համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Խոսելով խմելու ջրի անվտանգության խնդիրների մասին` նա նշեց, որ այս ոլորտի համար մենք ունենք շատ լավ մշակված օրենսդրություն, եւ խնդիրը այն կիրառելու մեջ է: ‘’Միջադեպերը, որոնք երբեմն պատահում են այս ոլորտում, կապված են ‘’ծերացած’’ ջրային համակարգի հետ’’,-ասաց մասնագետը:
Ինչ վերաբերում է ոռոգման համար նախատեսված ջրային ռեսուրսներին, ապա այստեղ խնդիրներ կան, քանի որ կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պայմաններում հիմնականում ոռոգումը կատարվում է մակերեւութային ջրային ռեսուրսների հաշվին, եւ այդպիսով ոռոգման ջուրը աղտոտվում է: Դրա վառ օրինակը Արարատյան դաշտավայրն է, որը ոռոգվում է Հրազդան գետի ջրերով, որի մեջ են լցվում Աերացիայի կայանի չմաքրված արտադրաջրերը: