Դիսկո ակումբում նռնակ են պայթեցրել. 7-ը հոսպիտալացված են, 1-ը` ձերբակալված
Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ‘Ալեն-Էլեն’ դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել:
Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը:
Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաներում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի ‘Օջախ’ ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:
Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից