Կառավարությունը Թեղուտի խնդրով քննարկում է նախաձեռնել, բնապահպանները խոստանում են չմասնակցել
Վաղը մարտի 23-ին Վանաձորում կառավարության անդամների, հկ-ների եւ շահագրգիռ կազմակերպությունների ու պատգամավորների մասնակցությամբ Թեղուտի խնդրի հետ կապված քննարկում տեղի կունենա: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:
Վաղը կայանալիք լսումներին, կմասնակցեն ՀՀ բնապահպանության, Էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ մշակույթի փոխնախարարները:
Ի դեպ, “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամները հաղորդագրություն են տարածել, որում հայտնում են, որ այդ քննարկմանը մասնակցելու հրավեր են ստացել, սակայն չեն մասնակցի:
Բնապահպան-ակտիվիստները ներկայացնում են հետեւյալ հիմնավորումները.
1. մեզ համար պարզ չէ թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ հանրային քննարկումը, թե սա ևս նախընտրական քարոզարշավի համար նախատեսված միջոցառում է,
2. ինչ արդյունքներ են ակնկալվելու հանրային քննարկումներից, մասնավորապես արտահայտված բացասական կարծիքների մասով,
3. արդյոք հանրային քննարկման արդյունքում արտահայտած կարծիքներն ազդեցություն են ունենալու ՀՀ կառավարության որոշումների կայացման վրա,
4. ինչ օրակարգ է, ովքեր են բանախոսները, ում միջոցներով է այն կազմակերպվում:
Բնապահպանները նաեւ նշում են. ”Բացի այդ հասկանալի չէ նաև, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել այդ աշխատանքային խումբը, եթե կառավարությունն անընդհատ թմբկահարում է, որ խնդրո առարկա հանդիսացող ծրագիրը Հայստանի պատմության ամենակարևոր ծրագրերից մեկն է և հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները:
Կարծում ենք, որ այս ձեւաչափով հանրային քննարկում կազմակերպելն արդյունավետ չէ, չի բխում ոչ հանրության, եւ ոչ պետության շահերից: Փաստում ենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու իրավական հիմնավորումները` Թեղուտի և այլ նոր բացվող մետաղային հանքավայրերի շահագործման ծրագրերի հակաբնապահպանական, հակատնտեսական, հակապետական լինելու մասին, բայց չնայած այդ ամենին, դրանք համապատասխան ուշադրության չեն արժանացել թե կառավարության, թե ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից:
Հետևապես, վերոշարադրյալից ելնելով մեզ թույլ ենք տալիս արձանագրելու, որ նմանատիպ ֆորմատով քննարկումներն ու լսումները ձևական և իմիտացիոն բնույթ են կրում, որին մենք աննպատակահարմար ենք գտնում մասնակցել և ներգրավել նմանատիպ միջոցառումներին:
Եվս մեկ անգամ պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի հանքավայրում ներկայումս ընթացող բոլոր աշխատանքները, եւ միայն դրանից հետո կատարել նոր համալիր բնապահպանական, տնտեսական եւ տեխնիկական ուսումնասիրություններ հասկանալու համար թե Թեղուտի, թե մյուս հանքավայրերի շահագործման ներկայիս ծրագրերի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը մեր պետության եւ բնակչության համար”: