“Ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարի դեմ”. Սամվել Նիկոյանն առաջարկում է ԸՕ կիրառման հասարակական վերահսկողություն իրականացնող մարմին ստեղծել
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առաջարկում է ԱԺ նախագահին առընթեր կառույց ստեղծել, որը ԸՕ կիրառման հասարակական վերահսկողություն կիրականացնի:
“Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում ԱԺ նախագահը այս կապակցությամբ գրել է. “Այս տարվա փետրվարի 15-ին անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ, կարեւորելով այն հանգամանքը, որ բոլորիս ցանկությունն ու նպատակն ազատ ու արդար ընտրություններն են, արժեւորելով առաջիկա ընտրությունների մեծ նշանակությունը մեր երկրի համար,ես առաջարկեցի առաջիկա ընտրական գործընթացներին մասնակցելու մտադրություն ունեցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, դիտորդական առաքելության իրավունք ունեցող հասարակական եւ մյուս կազմակերպությունների մասնակցությամբ Ազգային ժողովի նախագահի իրավասության շրջանակներում ստեղծել խորհրդակցական աշխատանքային մարմին /կառույց/, որն Ընտրական օրենսգրքի կիրառման նկատմամբ կիրականացնի հասարակական մոնիթորինգի գործառույթներ:
Անկախ այս նախաձեռնության առնչությամբ հնչած եւ սպասվելիք արձագանքներից` համոզված եմ, որ այդ մարմինը, չմիջամտելով որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթներին, դրական ներգործություն կունենա նախընտրական եւ ընտրական գործընթացների վրա:
Կառույցի ստեղծման նպատակն է ձեւավորել գործուն մեխանիզմ` ընտրական գործընթացների հնարավոր ու հավանական խնդիրները վեր հանելու, իր լիազորությունների սահմաններում դրանց լուծումներ տալու համար: Այն պետք է ունենա առավելապես կանխարգելիչ նշանակություն:
Նոր ընտրական օրենսգիրքն ընդունվել է այս գումարման Ազգային ժողովում, եւ գալիք խորհրդարանական ընտրություններն առաջին լուրջ փորձությունն են լինելու օրենսգրքի կիրառման համար, ուստի, ընդգծելով Նոր ընտրական օրենսգրքի ոչ միայն ընդունման, այլեւ արդյունավետ կիրառման կարեւորությունը, ԱԺ-ն պետք է շահագրգռված լինի, որ օրենքի բուն ոգին պահպանվի նաեւ գործնականում:
Հաշվի առնելով, որ ստեղծվելիք կառույցում ընդգրկված կլինեն տարբեր քաղաքական հայացքների ու դիրքորոշումների տեր մարդիկ, այս կառույցը հնարավորություն ունի ներկայանալ որպես միասնական հասարակական հսկողություն իրականացնող մարմին, այսինքն, այն, ինչի մասին տարբեր ամբիոններից բարձրաձայնում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Կրկնում եմ` առաջարկը հավասար ներգրավվածության մասին է` անկախ կուսակցության թվաքանակից, խորհրդարանում, այլ ոլորտներում ունեցած դերակատարումից:
Նկատի ունենալով, որ ստեղծվելիք կառույցը չպետք է ունենա ընդամենը խախտումներ արձանագրողի գործառույթ եւ բավարարվի դրանով կամ դրանց վերաբերյալ հայտարարություններով, ես առաջարկում եմ գործնական քայլեր: Մասնավորապես, այս մարմինը պետք է մշտադիտարկի Ընտրական օրենսգրքի կիրառումը եւ իր իրավասության սահմաններում օպերատիվ արձագանքի իրեն հասցեագրված ահազանգվող խախտումների մասին տեղեկատվությանը:
Ի մասնավորի` կառույցը պետք է իրականացնի հետեւյալ գործառույթները.
– համապատասխան դիմումների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկել ընտրական գործընթացի մասնակիցների գործողությունները կամ որոշումները, համոզվելու` արդյոք դրանք համապատասխանում են Ընտրական օրենսգրքին եւ գործող օրենքներին:
– Մշտադիտարկել հաղորդվող ընտրախախտումների դեպքում իշխանության տարբեր կառույցների պատասխանատվության եւ արձագանքման մեխանիզմները եւ դրանց իրագործման արդյունավետությունը:
-Չստանձնելով իրավապահ մարմնի դեր`կառույցը կարող է լինել ահազանգող-տեղեկատվություն ներկայացնող իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար:
Ընտրական գործընթացում կարող են հանդիպել առաջին հայացքից փոքր թվացող, զուտ տեխնիկական բնույթի խնդիրներ: Բայց չէ՞որ սրանք խնդիրներ են, որոնք կարող են դիտորդական առաքելություն իրականացնող որեւիցե խմբի կամ կառույցի կամ ընտրական գործընթացի մասնակցի կողմից անհարկի բացասական արձագանքի առիթ տալ:
Անշուշտ, հնարավոր է հանդիպեն շատ ավելի լուրջ խնդիրներ, բայց կարծում եմ, կարեւորն այդ խնդիրները լուծելն է, ոչ թե դրանց մասին հայտարարություններ տարածելը, որովհետեւ առաջացած խնդրների լուծումը կնպաստի ընտրություններն արդար անցկացնելուն, իսկ դրա վերաբերյալ հայտարարությունը կնմանվի իրադարձության հետեւից վազելուն եւ այն ընդամենը քաղաքական շահարկման առիթ դարձնելուն:
Չհամաձայնելով այն տեսակետին, որ սա երկխոսության նոր ձեւաչափ է, ինչպես շտապում են եզրակացնել որոշ քաղաքական գործիչներ, հարկ եմ համարում նշել, որ այս նախաձեռնությունն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրական մտահոգությունից բխող առաջարկություն է առանց քաղաքական ենթատեքստի:
Կա՞ արդյոք քաղաքական շահագրգռվածություն այս առաջարկում: Ավելի ճիշտ` առաջին հերթին կա քաղաքացիական շահագրգռվածություն, որ ունեմ ես` ՀՀ քաղաքացիս, մտահոգ լինելով իմ երկրի ճակատագրով եւ ունենալով մեր երկրում ազատ եւ արդար ընտրությունների մասնակցելու, դրանց ամեն կերպ աջակցելու անկեղծ ցանկություն:
Ինչ վերաբերում է քաղաքական շահագրգռվածությանը. որպես քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող գործիչ` ես պարտավոր եմ, նախանձախնդիր եմ, եւ, այո, շահագրգռված եմ, որ մեր երկրում անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ, եւ դրա մասին թե ներքին, թե արտաքին արձագանքները լինեն դրական: Հետեւաբար, Ազգային ժողովի նախագահին առընթեր մոնիթորինգի խորհրդակցական հասարակական մարմին ստեղծելու իմ առաջարկը պետք է դիտարկել հենց այդ շրջանակում:
Միաժամանակ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը`մի քաղաքական ուժ, որը ժողովրդի առջեւ ստանձնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվություն, առաջինն է շահագրգռված, որ ընտրություններն անցնեն ազատ ու թափանցիկ, արդյունքները լինեն իրական եւ արժանահավատ: Դա է ՀՀԿ նախագահի եւ երկրի նախագահի նախանշած պահանջը: Եւ որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ` ես ունեմ շահագրգռվածություն, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքում որեւէ կերպ չստվերվի իմ երկրի հեղինակությունը, կասկածի տակ չդրվեն ընտրությունների արդյունքները: Կարծում եմ` սա բնական եւ օրինաչափ ցանկություն է, որը պետք է ունենան իրենց խոսքում եւ գործում իսկապես անկեղծ քաղաքական ուժերը:
Այս առաջարկի շուրջ ես զրուցել եմ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր նույնպես ողջունել են իմ այս նախաձեռնությունը ու համագործակցելու եւ օժանդակելու պատրաստակամություն հայտնել:
Խորհրդակցել եւ կազմակերպել եմ քննարկումներ խորհրդարանական քաղաքական ուժերի, խմբակցությունների հետ, որոնք դրական մոտեցում ունեն այս հարցին։
ԿԸՀ-ում գրանցումից հետո ես գրավոր առաջարկներ կուղարկեմ բոլոր առաջադրված եւ գրանցված կուսակցություններին, այն ՀԿ-ներին, որոնք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն եւ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին։ Եվ նախաձեռնությունը կմտնի գործնական կիրառության փուլ։
Այս նախաձեռնության մասին երկար եմ մտածել, խորհրդակցել եմ շատ գործընկերների հետ` եւ պետական կառավարման համակարգում, եւ քաղաքական դաշտում, ինչպես նաեւ` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բոլորն էլ կարծում են` ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարի դեմ: Ես հաստատակամ եմ, վճռական եմ եւ այս ուղղությամբ անելու եմ գործնական քայլեր: Ակնկալում եմ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցների ակտիվ մասնակցությունն ու օժանդակությունը”: