22 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կեղծ դեղերի ներմուծում, բժշկական սխալ, ոչ պատշաճ բուժօգնություն. ՄԻՊ արձանագրությունը

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը 2012թ ՀՀ առողջապահության նախարարության գործունեության վերաբերյալ:

‘ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որեւէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը  որեւէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման եւ պատժման վիճակագրություն:

Բուժհաստատություններին տրված է լիազորություն ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա: Օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետեւանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում  դրսեւորվել են տարբերակված եւ սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը եւ առկայությունը առաջացնում է կոռուպցոին ռիսկեր:

Օրենսդրությամբ չի սահմանվել ‘բժշկական սխալ’ հասկացությունը: Այդ պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է գնահատական տալ կատարված դեպքին: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից:

Չնայած 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում, ծնողներն ունենալով մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության համար սահմանված հավաստագիր, ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Նախարարությունը Պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում եւ մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը:

Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման եւ ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ: Առանձին դեպքերում անձը բուժհաստատության փոփոխման արդյունքում զրկվել է պետպատվերով վիրահատվելու իրավունքից: Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք:

Արձանագրված դրական զարգացումները

Հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը:

2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը եւ անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։

Բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը: 38 մարզային եւ մայրաքաղաքի բուժհիմնարկներ ստացել են շտապօգնության 88 ժամանակակից ավտոմեքենա, գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը` միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Արդյունքում` կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ: Բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5-ից 2 անգամ:

Համավճարի ծրագրի ներդրման միջոցով առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը, պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 439.6 մլն դրամ: Բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով, 1.2-ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը:

Ժամանակակից նոր տեխնիկայով ու սարքավորումներով հիմնովին վերակառուցվել եւ վերազինվել են Արմավիրի, Իջեւանի, Հրազդանի, Արարատի եւ Գորիսի բուժկենտրոնները, կառուցվել են 20 նոր եւ նորոգվել 30 համայնքային ամբուլատորիա:

Դադարեցվել է պոլիկլինիկաների կողմից օրենքով չնախատեսված զանազան տեղեկանքների տրամադրումը քաղաքացիներին։

ՀՀ առողջապահության նախարարությունը 2011 թվականին առողջապահական հիմնարկների աշխատակիցների գործողությունների /անգործության/ վերաբերյալ ստացել է 78 գրավոր բողոք, իսկ ‘թեժ գիծ’ հեռախոսակապի միջոցով` 147 բողոք: Հայտնաբերված խախտումների վերացման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Դրական է գնահատվում եղած բողոքներին տրված  նախարարության արձագանքը եւ ձեռնարկված միջոցները:

Դրական է գնահատվում Առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքէջի վարումը, դրանում զետեղված տեղեկատվության մատչելիությունը’:

Henaran.am-ին  հաղորդում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ