Թուրքիան “Սիրիայի ընկերներին” կոչ է անում գործել
“Սիրիան չի կատարում իր խոստումները: Ժամանակն է` գործել”: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությամբ է սկսել Ստամբուլում կայացած “Սիրիայի ընկերների հանդիպումը”, տեղեկացնում է “Euronews”-ը:
Հանդիպմանը մասնակցել են 70 երկրների ներքաղաքական վարչությունների ղեկավարներ: Ինչպես եւ սպասվում էր` Ռուսաստանը եւ Չինաստանը` 2 կողմերը, որոնք դեմ էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին, հանդիպմանը ներկա չեն եղել: Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավարները եւս մեկ անգամ կոչ են արել միջազգային հանրությանն սկսել զենք մատակարարել ապստամբներին:
Սակայն առայժմ այդ գաղափարը հավանության չի արժանացել մեծամասնության, այդ թվում` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կողմից: Թուրքիան ավելի է հակված դեպքերի նման ընթացքին. “Կարիք չկա այլեւս հայտարարել, որ մենք հուսով ենք եւ համբերում ենք,”-հայտարարել է Էրդողանը` կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ավելի վճռական գործել, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ը արձագանք չտա Սիրիայում տիրող բռնությանը:
Միաժամանակ ԶԼՄ-ները հաղորդում են սիրիական քաղաքներում շարունակվող ռազմական գործողությունների մասին: Ընդդիմությունը պնդում է, որ միայն շաբաթ օրվա ընթացքում զինծառայողներն սպանել են առնվազն 25 մարդ: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ զորքերը կհանեն այն ժամանակ, երբ ապահովեն խաղաղություն եւ անվտանգություն: