Զինվորները Արցախի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը
Մարտի 31-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի ունեցավ թեմի քահանայից դասի ժողով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Նախքան օրակարգի բուն հարցերին անցնելը` Գերաշնորհ Պարգև Սրբազանը ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանին, ով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սպասավորության է կոչվել Արցախի թեմում և հոգևոր հովվություն կիրականացնի Մարտունու շրջանում:
Այնուհետև քննության առնվեցին վարչական, հովվական, կազմակերպչական, կարգապահական, ծիսական և մի շարք այլ հարցեր: Մասնավորապես` կազմվեց Շուշիի ազատագրման քսանամյակի առիթով Արցախի թեմի տոնական միջացառումների ծրագիրը, թեմակալ առաջնորդի կողմից հոգևոր հովիվներին հրահանգվեց կազմել իրենց ենթակայության ներքո համայնքներում եղած սրբավայրերի ու պատմամշակութային կոթողների սպառիչ տեղեկատվական պատկերը, ներկայացնել դրանց վերականգնման ու խնամքի հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկներ: Հրահանգվեց նաև առավել լայն թափ հաղորդել քարոզչական առաքելությանը և աղանդավորության դեմ պայքարին:
Ժողովի առանցքային թեմաներից մեկը Եկեղեցի-բանակ համագործակցության շարունակական սերտացումն էր: Պարգև Սրբազանը Արցախի թեմի հոգևորականներին հորդորեց ցանկացած կերպ աջակցել ՊԲ հոգևոր սպասավորներին, նպաստել բանակում հոգևոր-բարոյական արժեհամակարգի ամրապնդմանն ու զարգացմանը: Արցախի ՊԲ հոգևոր սպասավորների պատասխանատու Սամվել սարկավագ Մկրտչյանը ժողովականներին տեղեկացրեց, որ ծրագրվում է Ավագ շաբաթվա արարողություններին ներգրավել նաև զինվորներին, մասնավորապես` ապրիլի 5-ին` Ավագ հինգշաբթի օրը, ՊԲ զորամասերի մի շարք զինվորներ մոտակա բնակավայրերի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը: Արցախի թեմի հոգևորականները սիրով պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցում իրենց առավելագույն ջանքերը բերել ի շահ և ի նպաստ ազգային բանակի:
Ժողովը փակվեց ‘Պահպանիչ’ աղոթքով:
Henaran.am-ին տեղեկացնում են Մայր Աթռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից