23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակամարտող կողմերը պետք է լուրջ վերաբերվեն ԵԽ զեկույցներին. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Հայաստանում է Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:  Այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան նշեց, որ Հայաստանի հետ Ֆինլանդիան խնդրահարույց հարցեր չունի, եւ հիմնական համագործակցությունն ընթանում է տնտեսական ուղղությամբ:

Պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերում Ֆինլանդիայի արտգործնախարարը  ԵԽ ռասիզմի դեմ պայքարի կոմիտեի հրապարակած այն զեկույցին, որում ասվում է, որ Ադրբեջանը հակահայկական քարոզչություն է ծավալում, եւ որի վառ  վկայությունը  Բաքվում ‘Եվրանեսթի’ լիագումար նիստի ժամանակ արված հակահայկական հայտարարություններն էին, Էրկկի Տուոմիոյան նշեց, որ թեեւ չի տեսել այդ զեկույցը, սակայն Ֆինլանդիան մեծ հարգանքով է վերաբերում այն աշխատանքներին, որոնք իրականացվում  են  ԵԽ կողմից:

՛՛Մենք միայն կարող ենք խրախուսել, որ հակամարտող կողմերը լուրջ վերաբերվեն այդ զեկույցներին, եւ լինեն զգոն նման քաղաքականությունից զերծ մնալու համար՛՛,- ասաց Ֆինլանդիայի արտգործնախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հակահայկական հայտարարություններին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ գրեթե միշտ Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել այնտեղ մեկնող հայկական պատվիրակությանը՝  ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցնելով միակողմանի ձեւակերպումներ, որոնք չեն կարող առնչություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

՛՛Ադրբեջանական այս  ջրաղացին ջուր լցնելը որեւէ օգուտ չի տա կարգավորման գործընթացին: Մի բան ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ միջազգայի հանրության կարեւոր նպատակներից մեկը, հենց դա  կլինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքը՛՛,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա հավելեց, որ այն բոլոր որոշումներում, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում, նշվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, եւ եռանախագահները բազմիցս հայտարարել են ամենաբարձր մակարդակներում, որ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի իր ապագա կարգավիճակը:

՛՛Այնպես որ ադրբեջանական բոլոր այդ փորձերը  ոչ թե նպատակ են հետապնդում կարգավորել ԼՂ հիմնահարցը, այլ թոզ փչել իրենց իսկ հանրության աչքերի մեջ: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության ջանքերով, եռանախագահների ջանքերով բանակցությունները կշարունակվեն, եւ մենք կհասնենք այն հանգրվանին, որ լուծում կգտնենք այն սկզբունքների հիման վրա, որոնք հայտարարվել են եռանախագահների կողմից. այն է՝ ուժի չկիրառում եւ ինքնորոշման իրավունք՛՛,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ