Ինչը պետք է փոխել
Քարոզարշավը կմեկնարկեն Երեւանից, հետո կմեկնեն նախընտրական հանդիպումների Գյումրի, Մասիս, Վանաձոր, Սպիտակ : Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց կարգախոսը՝ ՛՛Ես` մենք ենք՛՛ բացատրվում է, որ “ես-ը մնացել է միայնակ ու անօգնական, եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում` “հաջողության հասնելու համար ես-ը պետք է գա մենք-ի”:
՛՛Էնպիսի խոստումներ եմ լսում իշխանության գլուխ 15 տարի կանգնած քաղաքական ուժերից, որ մտածում եմ, մարդիկ պոպուլիզմով են զբաղված: Խոստանում են երիտասարդ ընտանքիներին բնակարան, գումարներ են խոստանում ծնվող երեխաների համար՛՛,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ դեմկուսը ընդդիմադիր կուսակցություն է, քանի որ այն լիբերալիզմը, որը հիմա կա , դա լիբերալիզմ չէ ըստ Արամ Սարգսյանի, այլ՝ վայրագություն:
՛՛Մենք ասում ենք, որ համակարգը պետք է փոխել, հիմա ում դեմ ենք մենք հանդես գալիս, հանդես ենք գալիս եւ առաջին, եւ երկրորդ, եւ երրորդ նախագահների դեմ, քանի որ առաջընթացի համար պետք է համակարգը փոխվի՛՛- ասաց բանախոսը, նշելով, որ կուսակցության շանսերը գնահատում է տաս տոկոսից ոչ պակաս, սակայն ավելին կլինի, եթե չլինեն այն գայթակղությունները, որոնք կախված են ժողովրդի գլխին:
՛՛Այն մուտքում, ուր ես եմ բնակվում, ոմն մեկը եկել է, որ մեր մուտքը վերանորոգի, որ իրեն հավանենք ու ձայն տանք, հիմա այդ մարդը գալիս է խորհրդարան, որ ինչ անի, որ ռեմոնտո՞՛՛վ զբաղվի,- հարցրեց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ անկախ այն բանից, թե որքան հնարավորություններ կունենա Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընտրությունների ժամանակ, իրենք պարտավոր են հասարակությանը ասելու, թե որն է ճշմարտությունը, մնացածը՝ մարդկանց խնդիրն է, հետեւել կամ չհետեւել:
՛՛Եթե մենք ասենք՝ մեկ ա սենց ա լինելու ու չպայքարենք, ներողություն, դա իմպոտենտի կարգավիճակ է՛՛,- կարծիք հայտնեց Ա.Սարգսյանը: Նա նշեց, որ այս ընտրություններին քիչ թե շատ մթնոլորտը խաղաղ է, մեկը մյուսին չի ուզում խանգարել, սակայն հետո կսրվի մրցակցությունը, պայքար կգնա արեւի տակ տեղ ունենալու համար: