27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թույլ չտալ, որ ‘ուժեղ մարդը’ ձեռքը սեղանին խփի. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը վստահ է, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են հարկավոր: Ըստ նրա` քաղաքական այն համակարգը, որն իր մեջ չի պարունակում հնարավոր ճգնաժամի սերմերը, չի կարող լինել արդար և արդյունավետ: Օսկանյանի համոզմամբ` այսօր մեր համակարգից դա իսպառ բացակայում է:

‘Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր ‘Լեվիաթան’ (1651) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: ‘Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս’:

Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում է, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ:

Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել:

Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա:

Հայաստանի սահմանադրության հիմքում դրված Լոկի սկզբունքները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ փոփոխությունների ճանապարհներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որի պարագայում առավել մեծ հնարավորություններ կլինեն քաղաքական համակարգում ստեղծելու հակակշիռներ, առավել թափանցիկ որոշումներ կայացնելու և մեծացնելու որոշում կայացնողների պատասխանատվության բեռը:

Քաղաքական այն համակարգը, որն իր մեջ չի պարունակում հնարավոր ճգնաժամի սերմերը, չի կարող լինել արդար և արդյունավետ: Այսօր մեր համակարգից դա իսպառ բացակայում է: Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ և կատարելագործվել՝ դրանով իսկ առավել ուժեղ դարձնելով պետությունը:

Մեզ մոտ ուժի և իշխանության ընկալումն ու սահմանումը նույնպես հոբսյան է, որը խեղաթյուրում է օրինական ուժի և իշխանության ժամանակակից հասկացողությունը: Իշխանության ուժը գալիս է ժողովրդից և օրինակարգությունից, այլ ոչ թե վախից և ուժային կառույցներից:

20-րդ դարում ամենակարևոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որևէ դրսևորում չեն ունեցել: Գանդին պայքարել և հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում: Նրանց հաջողության գրավականն ընդամենը եղել է նրանց դատի արդարությունը, ազնվությունը և, իհարկե, ժողովրդի ուժը:

Հաճախ է ասվում, որ մեզ պետք է այնպիսի ուժեղ նախագահ, որը կարողանա ձեռքը խփել սեղանին և հարցեր լուծել: Ես բացարձակապես դեմ եմ այդ մտքին: Մեզ պետք է այնպիսի քաղաքական համակարգ, որը երբեք թույլ չի տա՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ ‘ուժեղ մարդը’ ձեռքը խփի սեղանին և հարց լուծի’,-գրել է պատգամավորը Ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ