Բարեգործությունը մի քիչ կաշառք չի, անուղղակի ներշնչանք է. հոգեբան
“Կա մի շերտ, որը երկրի շահից է ելնում եւ իր ընտրությունն այդ տեսանկյունից է կատարում, բայց կա մի շերտ, որը սոցիալական խնդիրներ ունի եւ հակված է ընտրակաշառքի: Սա գյուղի ժողովուրդն է”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով, ընտրակաշառք վերցնողի հոգեբանությունն արդեն ապականված է, նրա մեջ բարոյական սահմանը արդեն իսկ կոտրված է: Ըստ Խուդոյանի, հասարակության 5-10 տոկոսն է պատրաստ ընտրակաշառք վերցնել:
Ասուլիսի մյուս բանախոսը` գրականագետ Վարդան Դեւրիկյանը կարծիք է հայտնել, որ ընտրակաշառք վերցնող խավը մտածում է, որ ընտրություններից գոնե այս օգուտը կմնա: Նա նշել է, որ մարդիկ ընտրակաշառք են վերցնում` սոցիալական կարիքներից դրդված եւ հավելել է, որ ընտրակաշառքը տալու եւ վերցնելու փաստն առաջանում է քաղաքական վակուումում: Դեւրիկյանը նշել է նաեւ, որ ՀՀ- ում 90-ականներից սկսած, սոցիալապես ամենաթշվառ խավը միշտ քվեարկել է իշխանության օգտին` մտածելով, որ հակառակ պարագայում կարող է ավելի վատ իրավիճակ լինել:
Henaran.am-ի խնդրանքով բանախոսներն անդրադարձել են նաեւ բարեգործության անվան տակ բաժանվող ընտրակաշառքին:
Սամվել Խուդոյանը դրան “մի քիչ կաշառք չի, սա արդեն անուղղակի ներշնչանք է” որակումն է տվել: Իսկ Վարդան Դեւրիկյանն ասել է, թե օրենքը պետք է սահմանի, որ նախընտրական շրջանում բարեգործություններն արգելվեն:
Անդրադառնալով երիտասարդ ընտրազանգվածին, Սամվել Խուդոյանը կարծք է հայտնել, որ մեր երիտասարդությունը հակված է ֆանատիզմի եւ այդ հակվածությունն է, որ շատերին ընդդիմադիր ու դիմադիր կուսաակցութունների մեջ է բաշխում: “Նրանք ոչ թե ավելի շատ գցում-բռնում են, այլ ֆանատորեն նվիրված են: Կա նաեւ կարիերիստ երիտասարդների մի հոծ զանգված, որը մտածում է` ըհը առաջ գնամ, պաշտոն ստանամ”:
Վարդան Դեւրիկյանի կարծիքով էլ, երիտասարդությունն այսօր ավելի ազատ է, բայց տարեց սերունդն ինտելեկտով ավելի բարձր :