17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետն անկատար չթողեց Աշոտիկի երազանքը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան 18 հասցեի բարեկարգված բակը: Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ութամյա Աշոտի եւ նրա ընկերների խնդրանքն անպատասխան չմնաց եւ քաղաքապետի հանձնարարությամբ Կիեւյան 18 հասցեում մեկնարկեցին բակի վերանորոգման աշխատանքները: Հատկանշական է, որ նամակը գրելիս Աշոտը չէր մոռացել նաեւ իր փոքրիկ քույրիկի մասին եւ ֆուտբոլի դաշտից բացի խնդրել էր բակում կառուցել նաեւ խաղահրապարակ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած այս բակն այսօր այլեւս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:

Գունային տարբեր երանգներով հարուստ, նկարազարդ, գեղեցիկ զրուցարանով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված ցանկացած աշխատանք իրականացվում է հաշվի առնելով հենց բնակիչների մոտեցումներն ու առաջարկությունները. “Մենք Աշոտիկի ցանկություններն այսօր իրականացրեցինք, բակում կառուցեցինք եւ ֆուտբոլի դաշտ եւ խաղահրապարակ:

Աշոտիկից հետո այսօր արդեն քաղաքի բոլոր երեխաներն են այդ ցանկությամբ դիմում եւ ես՝ որպես Երեւանի քաղաքապետ, խոստացել եմ Երեւանի բոլոր երեխաներին, որ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգելու ենք եւ հանձնելու ենք իրենց” ,-նշել է Տարոն Մարգարյանը: Տոնական այս օրն առիթ էր նաեւ, որպեսզի ութամյա Աշոտն ու նրա ընկերները անձամբ շնորհակալություն հայտնեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց երազանքն իրականություն դարձնելու համար:

Բարեկարգ բակի հանդիսավոր բացման օրը համընկել էր նաեւ Աշոտի ընկերոջ՝ ութամյա Արթուրի,  ծննդյան տարեդարձի հետ: Փոքրիկին քաղաքապետն անձամբ է շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ միասին բարեկարգված բակում նաեւ եղեւնի է տնկել:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ