Արցախյան ավանդական հարսանիքը` մայիսի 8-ին` Շուշիի ամրոցի մոտ
Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է ‘’Արցախյան հարսանիք’’ բեմադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա նշեց, որ նախագծի մտահղացումը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, իսկ սցենարի հեղինակն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նախագծում հիմնականում ներգրավված է Արցախի ‘’Մենք ենք` մեր սարերը’’ պետական ազգագրական համույթը: Բեմադրության տեւողությունը` 1 ժամ ու կես:
‘’Նպատակ ունենք այդ բեմադրությամբ վերականգնել Արցախի կոլորիտը, բանահյուսությունը` երգեր, պարեր, բարբառ, կահ-կարասի, ավանդազրույցներ, մի խոսքով` նյութական եւ հոգեւոր մշակույթը: Ամբողջ տարածում լինելու է Արցախի համն ու հոտը, թխվելու է արցախյան ավանդական ժենգյոլվ հարցը’’,- ասաց Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ ‘’Կարին’’ համույթը աջակցում է այդ հրաշալի նախագծին` բեմադրելու պարերը:
‘’Բեմադրությունը ներկայացնելու է հայկական ավանդական հարսանիքի բոլոր փուլերը` աղջկա տուն, որտեղ այան իր օրհնանքի խոսքն է ասում, հետո հարսին պիտի հանեն դուրս, բերեն եկեղեցի, եւ երրորդ մասն արդեն եկեղեցուց ժողովրդի միջով` դեպի տղայի տուն’’,- նշեց արվեստագետը:
Նրա խոսքով` նախագծի նապատակն է` արցախյան մշակույթը ներկայացնել աշխարհին: Գագիկ Գինոսյանը նշեց նաեւ, որ Արցախում բացահայտել են նաեւ ողբի,սգո կամ թաղման պարեր, որոնք կառուցվածքով ‘’թարսպարեր’’ են:
‘’ Վերջերս պեղել ենք նաեւ մի քանի ռազմապար, եւ հետագայում ուզում ենք նաեւ ռազմական պարեր ներկայացնել, որը հուսով ենք, կդառնա հայ զինվորի դաստիարակության անբաժանելի մի մասը, քանի որ այն ամրացնում է զինվորի ոգին եւ ճարպկությունը’’,- կարծիք հայտնեց արվեստագետը:
Վերջում նա հայտնեց, որ աշնանը ‘’Կարին’’ համույթը կփորձի վերականգնել նաեւ Մշո հարսանիքները` նպատակադրելով հայկական հարսանիքներում աստիճանաբար վերականգնել ավանդականն ու ազգայինը: