25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Մինիատյուրնի” 5 աղջիկ Պաշտպանության նախարարության վիլիսի հետեւում. Ազգ

Ինչպես տեղեկացնում է “Ազգ”-ը, շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում Պաշատպանության նախարարությունը տեղեկացրեց, որ լրագրողներին տանելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անցկացրած հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկմանը Բերքաբեր եւ Դովեղ բնակավայրերի մերձակայքում:

Երեկ առավոտյան ժամը 7-ին` 25 լրագրող նախարարության շենքի դիմաց էր Տավուշ մեկնելու ակնկալիքով, սակայն պարզվեց, որ նախարարությունը մեքենաների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: 25 լրագրողների խումբը պետք է տեղավորվեր 10-տեղանոց “Գազ Սոբել” մակնիշի մեքենայում: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա Սամվել Ասատրյանը կարծես թե լավություն անելով, խմբի “մինիատյուրնի” 5 աղջկա առաջարկեց զինվորական վիլիսի հետեւում տեղավորվել. “Դե իրար կողք կիպ կպեք էլի, մինիատյուրնի աղջկեք եք”: Ասատրյանն ինքն էլ, հասկանալով իրավիճակի անհարմարությունը, ինչ-որ տեղ զանգահարեց, սակայն… Պարզվեց, որ նախարարությունում աշխատանքային օր չէ, եւս մեկ “Գազել” վերցնելու համար անհրաժեշտ էր նամակ գրել, հայտ ներկայացնել ու մի քանի փուլանոց ընթացակարգ անցնել: Ասատրյանն էլ առաջարկեց նստել իրար կողքի, իրար գիրկ, մի մասն էլ կանգնած մեկնել Տավուշ, իսկ եթե ոչՙ թող մի մասը գա, մի մասըՙ ոչ: Ավելի ուշ արդեն Ասատրյանը վերջնագրի լեզվով էր խոսում. “Իմ համար մեկ է, դուք կգաք, թե չէ: էդ ձեր համար է, որոշեք` ո՞վ է գալիս կամ էլ “Զինուժ”-ից վերցրեք պերեգոն արեք, ի՞նչ ասեմ”,-ասաց Ասատրյանըՙ մխիթարելով, որ լրագրողներին չի վերաբերվում որպես կարտոֆիլի, որովհետեւ եթե կարտոֆիլի վերաբերվեին, մեզ ոչ թե կտեղավորեին, այլ կբարձեին:

“Առավոտյան ժամը 7-ին լրագրողները նախարարության դիմաց էին հանուն մեկ նպատակիՙ կանգնել պետության եւ բանակի կողքին, հանուն ընդհանուր ու պետական շահի, հատկապես երբ դա վերաբերում էր ռազմական գործողությունների, երբ հակառակորդը կրակ էր բացել նաեւ խաղաղ բնակչության վրա եւ միայն հրաշքով զոհեր եւ վիրավորներ չէին արձանագրվել: Նման վերաբերմունքից վիրավորված լրագրողները, բացառությամբ news.am, եւ haynews.am լրատվական կայքերի ներկայացուցիչների, հրաժարվեցին մեկնել Տավուշի մարզ: Ցավալի է, որ անգամ արհամարված եւ վիրավորված լինելու պարագայում էլ լրագրողական համերաշխություն չդրսեւորվեց”,-գրում է թերթը:

“Ազգ”-ի թղթակցի կարծիքով, սա ոչ պրոֆեսիոնալ աշխատելաձեւ է մի կառույցից, որն անընդհատ շեշտում է, որ իրեն լավ չեն լուսաբանում, քննադատում են եւ այլն: Այս համատեքստում բավական զավեշտալի էր երեկ լրատվամիջոցներին ուղղված ՊՆ-ի հաղորդագրություն-խորհուրդը: “Սեփական աղբյուրներին ապավինող որոշ լրատվամիջոցներ տարածում են ապատեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը եւ բնակավայրերը գնդակոծելու հետեւանքով զոհերի եւ վիրավորների վերաբերյալ: Խորհուրդ ենք տալիս նման լուրեր տարածողներինՙ տեղեկությունների հավաստիությունը ճշտել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում եւ արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում”:

“Զարմանալի է նման հաղորդագրություն ստանալ մի գերատեսչությունից, որ ԶԼՄ-ների հետ աշխատել չի կարողանում: Այդ գերատեսչությունում կամ զանգիդ չեն պատասխանում, կամ 10-15 անգամ զանգահարելուց հետո հարցդ մի քանի ժամ շարունակ ճշտում ենՙ մոռանալով, որ այս գործում անհրաժեշտ է օպերատիվություն: Ամենաթարմ օրինակը Դովեղի պատմությունն է: Գյուղը գնդակոծվել էր առավոտյան ժամը 11-ին, կայքերում եւ սոցցանցերում լուրը տարածվել է ժամը 12-ից, իսկ ՊՆ-ից պաշտոնական հաղորդագրությունը ստացվեց ցերեկվա ժամը 4-ին: Մինչ այդ նախարարությունից անընդհատ պատախանում էին, որ հարցեր են ճշտում: Ոչ օպերատիվ աշխատելաոճն ու լրագրողներին արհամարհելը հաճախ բերում է նաեւ չճշտված փաստերի տպագրմանը, որն առաջին հերթին վնաս է պետությանն ու բանակին”,-եզրկացնում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ