Վահան Հովհաննիսյանը ՀՀԿ-ի եւ սոցիոլոգների մասին անեկդոտ պատմեց
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով քարոզարշավի ընթացքին` ասաց, որ ընդհանուր առմամբ, չհաշված այն կեղծքիներն ու խախտումները, որոնք լինում են, քարոզարշավի ընթացքը նորմալ է:
Ըստ Հովհաննիսյանի` փորձ է արվում տարբեր ուժերի կռվեցնել, բայց բարեբախտաբար չի ստացվում:
Անդրադառնալով սոցհարցումներին, Վահան Հովհաննիսյանը հիշեց վերջին քաղաքական անեկդոտը, որ սոցիոլոգները քաղաքացուն հարցնում են, թե ո՞ւմ ես ընտրելու, քաղաքացին ասում է. “Հանրապետականին”: Պատասխանը լսելով, սոցիոլոգն ասում է. “Լավ, չես ուզում մի ասի”:
Վահան Հովհաննիսյանն ասաց, որ անեկդոտը վերաբերվում է ոչ թե քաղաքական ուժին, այլ սոցիոլոգներին, որոնք իրենք էլ չեն հավատում իրենց հարցումների արդյունքներին: Ըստ ՀՅԴ-ականի, նախորդ ընտրությունների ժամանակ էլ էին ասում, թե ՀՅԴ-ն երեք տոկոս է հավաքելու, բայց հավաքեց տասներեք տոկոս:
Վահան Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստան հրավիրված միջազգային փորձագետները , որոնք հարցումներ են իրականացնում, “մաքրասեր չեն”: “Gallup” -ին Վահան Հովհաննիսյանը “made in Taiwan” բնորոշեց: Հովհաննիսյանի խոսքով, հրապարակված հարցումներից հետո իշխանությունները սկսում են քայլեր ձեռնարկել նման արդյունք ապահովելու համար: