06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը . ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ՄԱԿ-ում ունեցած ելույթի առնչությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների եւ անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը:

Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարեն, չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակավոր ամբիոնը` ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար, թերեւս մոռանալով միայն հիշատակել “աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են” Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը:

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների:

Ցինիզմի առանձնահատուկ դրսեւորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպել հայության դեմ, մի երկրի,որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջեւ, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները:

ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հակասող` Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը եւ հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը”:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ