Ինտերպոլը փնտրում է Իրաքի փոխնախագահին
Ինտերպոլն այսպես կոչված “կարմիր ծանուցում” է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին:Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Նրան մեղադրում են Իրաքում ահաբեկչությունների կազմակերպման եւ ֆինանսավորման մեջ:
Ալ-Հաշեմին դարձել է Ինտերպոլի կողմից ամենաշատ փնտրվող հանցագործներից մեկը: Նրան կփնտրեն Ինտերպոլի անդամ 190 երկրներում, որոնց տեղական իշխանությունները կարող են ձերբակալել ալ-Հաշեմիին եւ հանձնել Իրաքին, որտեղ նրա ձերբակալման հրամանը տրված է: Ինտերպոլի ղեկավար Ռոնալդ Նոուբլի խոսքով` “կարմիր ծանուցում”-ը սահմանափակում է ալ-Հաշեմիի տեղափոխման հնարավորությունները եւ կօգնի պարզել նրա գտնման վայրը:
Մայիսի սկզբին Իրաքում պաշտոնապես մեղադրանք է հարուցվել նրա եւ նրա թիկնապահների դեմ` 6 դատավորների եւ մի շարք այլ մարդկանց սպանության համար: Ներկա պահին 73 մարդ նրա շրջապատից ձերբակալված է:
Թարիք ալ-Հաշեմին Բաղդադից փախել է դեռեւս 2011-ի դեկտեմբերին: Սկզբում նա թաքնվում էր Իրաքի հյուսիսի քրդական մասերում, այնուհետեւ` Թուրքիայում եւ Քաթարում: Նա պնդում է, որ իր հանդեպ գործ են հարուցել շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքի հրամանով, այն դեպքում ,երբ Հաշեմին Իրաքում ներկայացնում էր սունիթների շահերը: Շիաների եւ սունիթների միջեւ հակամարտությունը սրվեց ամերիկյան զորքերի դուրս բերելուց հետո: