25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստված պատժել է ադրբեջանցիներին. Ազգ

Այսօր Արցախում տոն է: Նշվում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Ըստ “Ազգ”-ի, այդ առթիվ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում է զորահանդես: Հանդիսություններ եղան Շուշիում: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամները, խորհրդարանականներն ու բարձրաստիճան զինվորականները, Արցախ ժամանած հյուրերը հարգեցին Շուշիի ազատագրման մարտերում զոհվածների հիշատակը: Նրանք ծաղիկներ դրեցին տանկ-հուշարձանի զրահին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ում կիսանդրին կանգնեցված է Շուշիի կենտրոնական հրապարակում:

Այնուհետեւ Շուշիում կազմակերպվեց իսկական ժողովրդական տոնախմբություն:

Արցախում տոնում են հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրման հոբելյանը: Իրոք, Շուշիի ռազմագործողությունը ղարաբաղյան պատերազմում բացառիկ է:

Դրանով ազդարարվել է, որ արցախահայությունը, թիկունքում ունենալով ողջ հայ ժողովրդի օժանդակությունը, իր նպատակադրվածության մեջ անսասան է: Շուշին բարոյահոգեբանական կործանումն էր ադրբեջանական կողմի սանձարձակ մեծախոսության: Այդ հաղթանակն Արցախի համար ավելին է, քան զուտ ռազմական հաջողությունը: Շուշիի ազատագրումը նշանակում է Արցախի պատմամշակութային մաքրագործում, որքան էլ որ այս բառն իր “տեղում չլինի”:

Խոսքն էթնիկական զտման մասին չէ, այլ այն առասպելի պսակազերծման, որ տասնամյակներ ի վեր պետական նախաձեռնությամբ ստեղծվել էր Ադրբեջանում: Այո, Բաքուն ջանադրաբար Շուշին դարձրել էր ազգայնականության հենակետ: Ամեն ինչ արվել էր, որ Շուշին ներկայացվի իբրեւ “ադրբեջանական մշակույթի օրրան”: 1920 թ. մարտի 23-ին սպանդի ենթարկելով Շուշիի հայ մեծամասնությանը, այնուհետեւ խորհրդային ժամանակաշրջանում Արցախում ստեղծելով Շուշիի արհեստածին վարչական շրջանը, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ լկտիությամբ այդ քաղաքը դարձրել էին “պատմամշակութային թանգարան”` նրա դիմանկարից քերելով նախնական-հայկական բոլոր գծերը:

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը: Իշխանությունների ստեղծած` “ԼՂ ադրբեջանական համայնք” հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովն ասում է, որ «պատրաստ է մարտի նետվել, որպեսզի ազատագրի” Շուշին: Բոլոր լրատվամիջոցները գրում են, թե “ժամանակն է Շուշին մաքրելու օտար շնչից”: Խոսքը խնդրի կարգավորման մասին չէ, այլ` Շուշին “հայ թշնամիներից մաքրելու”: Այս ֆաշիստական գաղափարները, սակայն, Բաքվում փաթեթավորում են “հինավուրց ադրբեջանական Շուշի” քաղաքի մասին առասպելով: Բանը հասնում է բացարձակ կեղծարարության:

Այսպես, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Շուշին “չէր կարող հանճարներ չծնել, նրանց շարքում` Բյուլ-բյուլը, Ռաշիդ Բեյբութովը, Նիյազին, Ուզեիր Հաջիբեկովը: Այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նիյազին ծնվել է Թիֆլիսում 1912 թ.: Նույն քաղաքում 1915 թ. է ծնվել Ռաշիդ Բեյբութովը: Ուզեիր Հաջիբեկովի ծննդավայրը Աղջաբեդի գյուղն է, իսկ Բյուլ-բյուլը ծնվել է Խանբաղի կոչված` ներկայիս Ստեփանակերտի արվարձանում, որ այն ժամանակ` 1897 թ., փոստակայան էր:

Շուշիի մասին հրապարակումներից մեկի ադրբեջանցի հեղինակը գրում է, որ “քաղաքը դեռ այդքան երկար ժամանակ “զավթված” (չակերտները մերն են-Վ. Ա.) չի մնացել”: Վերացարկվելով ձեւակերպման ենթատեքստից եւ բնութագրումներից, կարելի է ասել, որ նա արձանագրում է մի մեծագույն իրողություն: Այն, որ քսանամյա հոբելյան նշող Շուշին այլեւս ոչ հեռավոր անցյալին չի վերադառնալու: Քանի որ քաղաքը վերագտնում է իր բուն ազգային` հայկական դիմագիծը:

Մեկ այլ ադրբեջանցի հեղինակ, թվարկելով “Շուշիի ծնունդ” ադրբեջանցի մշակութային գործիչներին, հռետորական հարց է տալիս. “Իսկ անցած 20 տարիներին քանի՞ հանճար է ծնել Շուշին”: Հանճարի մասին պատկերացումները տարբեր են. ամեն սազ նվագողի Բաքվում “հանճար” են ասում: Այդուհանդերձ, եթե ադրբեջանցի լրագրողը ներկա գտնվեր մայիսի 8-ին Շուշիում կազմակերպված տոնախմբությանը, ապա կհամոզվեր, որ քաղաքն անցած երկու տասնամյակների ընթացքում արդեն իսկ մի հանճարեղ սերունդ ծնել եւ դաստիարակել է: Դա արժանապատիվ կյանքով ապրելու պատրաստ եւ իր հայրենիքի ազատությունն ամեն ինչից վեր դասող մի իրոք հերոսական սերունդ է:

Իսկ ադրբեջանցիներին Աստված է պատժել: Նախկին շուշեցիներին` հատկապես: Քանի որ նրանք անառիկ թվացող բերդապարիսպների բարձունքից ռմբակոծում էին Ստեփանակերտը, շրջակա հայկական գյուղերը եւ հրճվում: Չէ՞ որ ասված է` ուրիշին մի ցանկացիր այն, ինչ չես ցանկանում քեզ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ