Թող չշահարկեն Հայոց ցեղասպանության հարցը,եթե չեն շոշափելու Հայաստանի համար երեք կարեւոր հարցեր.քաղաքագետ
Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ. այս երեք քաղաքներն են միշտ եղել ակտիվ հայկական հարցի լուծման գործում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ հայանպաստ քաղաքականության առումով Ֆրանսիան՝ Սարկոզիի գլխավորությամբ, հասավ պիկին, բայց վերջին պահին մեկ տոկոսն ավելի որոշիչ նշանակություն ունեցավ:
՛՛Ինձ համար ցնցող տպավորություն էր, երբ Սարկոզին իր պարտությունից հետո հայտարարեց.՛՛Ինձ համար կարեւորը իմ ժողովրդի վեհությունն է , քան իմ քաղաքական ճակատագիրը՛՛: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի քաղաքական վերնախավը իսկապես նվիրված է ֆրանսիական ժողովրդին: Եվ լավ կլիներ, որ այդ քաղաքական մշակույթը Հայաստանում էլ լիներ՛՛,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նա կարծիք հայտնեց, որ ֆրանիսացիների եւ Սարկոզիի մտահղացումը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը, դա ուղղակի նախընտրական խաղ չէր, որովհետեւ, ըստ բանախոսի, Ֆրանսիայի քաղաքական իշխող վերնախավի մոտ կա մի համոզմունք, որ Թուրքիան որպես քաղաքակրթական հակոտնյա՝ Եվրոպայում տեղ չի ունենալու:
՛՛Վիլսոնից հետո Սարկոզին երկրորդ քաղաքական դեմքն է, որն անձնապես նվիրվեց հայանպաստ հարցի լուծմանը՛՛,- ասաց Լեւոն Շիրինյանը:
Նրա համոզմամբ՝ հայանպաստ քաղաքականություն ծավալող, արդարությունը պաշտպանող երկրների առջեւ Հայաստանը պետք է դնի ՀՀ անվտանգության հարցը, Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, եւ Ջավախքի հարցը, նրա մշակութային ինքնավարության հարցը: Հակառակ դեպքում, եթե այդ երկրները չեն շոշափելու այդ հարցերը, ուրեմն թող չշահարկեն Հայող ցեղասպանության ճանաչման հարցը:
՛՛Ոզում եք Կովկասում կայունություն, ուրեմն բավարարեք Հայաստանի արդար պահանջները՛՛,- շեշտեց բանախոսը:
Նրա խոսքով՝ Հայաստանին մնում է ՝ ուշադիր հետեւել Օլանդին, թե նա իր խոստումների որ մասը կպահպանի կամ չի պահպանի, ու ըստ այդմ էլ Հայաստանը պետք է մշակի իր քաղաքականությունը: Իր անձնական կարծիքով, շատ ավելի արդյունավետ կլիներ հայանպաստ քաղաքականության տեսակետից, եթե Սարկոզին ընտրվեր Ֆրանսիայի նախագահ: