Ուրիխանյանը դիտավորյալ ‘թռավ’
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում չմասնակցեց ‘Ժառանգություն’ խմբակցության` ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի, 2001թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության ու դրանից հետո այլ աղմկոտ հանցագործություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: Հետաքրքրականն այն է, որ Ուրիխանյանը մասնակցեց Պետաիրավական հանձնաժողովի նիստին, սակայն “Ժառանգության’ ներկայացրած նախագծերի քննարկմանը չմասնակցեց: Սա վրդովեց նախագծի հեղինակին` ‘Ժառանգության’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին” : Henaran.am-ի հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ դեռ չի պարզել, թե ինչու ԲՀԿ-ը, մասնավորապես Ուրիխանյանը այդպես վարվեց: Սակայն պատգամավորի կարծիքով` դա այլ կերպ, քան դիտավորություն չի կարելի գնահատել:
‘Իմ կարծիքով` դա դիտավորություն է եղել, այլապես չեմ կարող մեկնաբանել, երբ որ մարդիկ գալիս են նիստի ու տեսնում են, թե քանի հոգի է նիստին, ու իրենց ձայնից կարող է կախված լինել որոշումը կընդունվի, թե ոչ, ու իրենք հեռանում են’,-ասաց Փոստանջյանը:
Փորձեցինք հենց Տիգրան Ուրիխանյանից իմանալ, թե ինչու չի մասնակցել քվեարկությանը, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ ևս փորձեցինք զրուցել, հասկանալու համար, թե ինչու էր ամռանը ԲՀԿ-ը մասնակցում Վ. Ավետյանի սպանության արդյունքում ձևավորված հասարակական շարժմանը ու նման երևույթները խստորեն դատապարտում էին նաև ԲՀԿ պատգամավորները, սակայն հիմա, ինչպես որակեց Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ը ‘թռավ’: Սակայն Վարդանյանը ևս չպատասխանեց մեր հարցերին` նշելով, որ իրենց մոտ հիմա քննարկում է սկսվում:
Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, չորս կողմ և չորս դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը: