“Հարսնաքարի” տուժողի ցուցմունքում պաշտպանը հակասություն տեսավ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուրբաթ շարունակվեց “Հարսնաքարի” դատավարությունը: Հիշեցնենք, որ անցած նիստում աշխատանքային օրվա ավարտի հետ կապված անավարտ էր մնացել ռազմական բժիշկ, տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Այս նիստում տուժողին հարցեր տվեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Բայադյանը շատ հաճախ պաշտպանի հարցերին չէր պատասխանում, նշելով, որ բազմիցս պատմել է դրանց մասին:
Ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունը անավարտ էր մնացել եւ այսօր նրան հարցեր տվեց համալիրի մատուցողը: Նա դիմելով Ա. Բայադյանին, ասաց, որ դժվար է մտովի վերապրել կատարվածը, սակայն արդարադատություն իրականացնելու այլ ճանապարհ չկա եւ հորդորեց տուժողին՝ պատասխանել իր հարցերին:
Մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանին էլ հետաքրքրում էր, թե իրեն ո՞վ է կանչել սպասարկելու իրենց սեղանը, ինչ նպատակով են նորից կանչել իրեն, եթե արդեն ինքը չէր սպասարկում այդ սեղանը: Դատարանը ամբաստանյալին հորդրոեց հստակ հարցադրումներ անելու, սակայն վերջինս հրաժարվեց հարցերից:
Մյուս ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լուրջ հակասություններ տեսավ նախաքննության եւ դատաքննության տված ցուցմունքների միջեւ: Նա դատավոր Դավիթ Հարությունյանին միջնորդեց հրապարակել տուժող Բայադյանի նախաքննական ցուցմունքը:
Այսօրվա նիստում դատավորը անընդհատ դիտողություններ էր անում պաշտպանական կողմին: Մասնավորապես, երբ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանին դատավորը զգուշացրեց հստակություն մտտնել հարցերում եւ հայտարարությունում, պաշտպանն ասաց, որ պատրաստվում է դատավորին բացարի հայտնել; Սակայն նրան դրա համար ժամանակ է պետք:
Հաշվի առնելով աշխատանքային օրվա վերջը, դատավորը հետաձգեց նիստը: Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: