Ով ով է` “ունեցած-չունեցածը” սա՞ է
parliamentmonitoring.am կայքում առանձին-առանձին ներկայացված են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Հիշեցնենք, պատգամավորների գույքն ու եկամուտները օրենքով սահմանված կարգով պետք է հայտարարագրվեն ու հրապարակվեն:
Դատելով հայտարարագրերից` 5-րդ գումարման ԱԺ պատգամավորներից որևէ մեկը ընդերքի մաս կամ մեկուսի ջրային տարածք չունի: Նրանք հայտարարագրել են բնակարան, առանձնատուն, ավտոտնակ, ջերմոց, հանգստյան տուն, հողամաս, արոտավայր, արտադրատարածք, նույնիսկ մետաղյա տաղավար, պարիսպ ու նկուղ:
Պատգամավորներից ոմանք անշարժ գույք ունեն Վրաստանում (Գուրգեն Արսենյան, Վոլոդյա Բադալյան), Ուկրաինայում (Սեդրակ Սարոյան), Ռուսաստանի Դաշնությունում (Դավիթ Հարությունյան), Բուլղարիայում (Խոսրով Հարությունյան):
Պատգամավորները “Շարժական գույք” բաժնում հայտարարագրել են ավտոմեքենաներ` հիմնականում թողարկված 1990-ականներից մինչեւ 2011 թվականը: Կա հայտարարագրված նաև երկու ինքնաթիռ: Դրանք երկուսն էլ պատկանում են ԲՀԿ խմբակցության անդամ և ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
Հայտարարագրի երրորդ` “Թեկնածուի թանկարժեք գույք” բաժնում, ըստ ուղեցույցի, պետք էր լրացնել “Շարժական գույք” և “Անշարժ գույք” բաժիններում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույքի անունն ու արժեքը:
Հայտարարագրի այս բաժինը լրացրել է ընդամենը 4 պատգամավոր. Գագիկ Ծառուկյան (հայտարարագրել է 16 թանկարժեք գույք` կահույք, ադամանդե քարով մատանիներ և ոսկե ժամացույցներ), Դավիթ Հարությունյան (հայտարարագրել է մետաղադրամների հավաքածու և գեղանկարներ), Աղվան Վարդանյան (հայտարարագրել է գեղարվեստական նկարներ), Գագիկ Ջհանգիրյան (հայտարարագրել է 19-րդ դարի 3 արձան):
Հետաքրքիր դիտարկումների առիթ են տալիս հայտարարագրերի “Եկամուտներ” ու “Արժեթղթեր և այլ ներդրումներ” բաժիններում կատարված, երբեմն էլ չկատարված նշումները: Օրինակ, առավելապես իր բիզնես-գործունեությամբ հայտնի Սամվել Ալեքսանյանը “Արժեթղթեր և այլ ներդրումներ” բաժնում չի հայտարարագրել ոչինչ, իսկ Գագիկ Ծառուկյանը այս բաժնում ամենաշատ նշումներ կատարած պատգամավորն է. նա հայտարարագրել է 33 կազմակերպություն, որտեղ ունի արժեթուղթ կամ այլ ներդրում:
Որոշ պատգամավորության թեկնածուներ (Վարդանյան Աղվան, Մանուկյան Արամ, Արզումանյան Ալեքսանդր, Բաբայան Վահան, Ստեփանյան Արթուր, Գրիգորյան Հայկ, Հակոբյան Ռուբեն, Պետրոսյան Շուշան և այլք), ըստ հայտարարագրերի, հաշվետու տարում` 2011թ-ի մարտ ամսից մինչև 2012թ-ի մարտը, չեն ունեցել ոչ մի եկամուտ.
“Եկամուտներ” բաժնում նրանք չեն հայտարարագրել ոչինչ: Մինչդեռ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր եղած շատերը այս բաժնում հայտարարագրել են հարյուրավոր, միլիոնավոր, նույնիսկ տասը միլիարդը գերազանցող եկամուտ(դրամով), որից պատգամավորական աշխատավարձը կազմել է ընդամենը 3 միլիոնից մի փոքր ավելի գումար:
“Առաջատարն” այստեղ ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանն է (գեներալ Սեյրան): Հաշվետու տարում նա հայտարարագրել է 16 մլրդ դրամ, Գագիկ Ծառուկյանը` 5 մլրդ դրամ, Հերմինե Նաղդալյանը` 781 մլն դրամ, Գրիգորյան Արայիկը` 146 մլն, Ռուբեն Սադոյան` 145 մլն դրամ, Աշոտ Արսենյանը` 100 մլն դրամ:
Հաշվետու տարում ամենամեծ եկամուտը` արտարժույթով, հայտարարագրել է Գագիկ Ծառուկյանը` շուրջ 61 մլն ԱՄՆ դոլար և 40 մլն եվրո, իսկ հայտարարագրի` “Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ” բաժնում Ծառուկյանը հայտարարագրել է 1 մլրդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազ. դոլար և 20 մլն 483 հազ. եվրո:
Սեդրակ Սարոյանը, ըստ այս բաժնի, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլրդ 700 մլն դրամ և 884 հազար 94 ԱՄՆ դոլար, Արայիկ Գրիգորյանը` 1մլրդ 200 մլն դրամ, 864 հազ. դոլար, Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) “խնայած” դրամական միջոցները 1 միլիարդի չեն հասնում. նա հայտարարագրել է 645 մլն 561 հազ. ՀՀ դրամ:
Սամվել Ալեքսանյանի ունեցածը դրանից պակաս է` 380 մլն դրամ, բայց նա, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլար, Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 6 մլն 253 հազ. 17 ԱՄՆ դոլար:
Այսպիսին են մեր ազգընտիրները` իրենց ունեցած-չունեցածով հանդերձ: Համենայն դեպս, այսպիսին են նրանք ներկայանում հանրությանը: Իսկ թե որքանով են նրանք անկեղծորեն “թափ տվել սեփական գրպանները” սա արդեն ուրիշ պատմություն է:
Ի դեպ, արդեն շրջանառվում է, որ առաջիկայում գուցե այլ հայտարարագրեր էլ լինեն` ասենք` զոքանչների ունեցվածքի:
Մոնիտորինգի արդյունքները` parliamentmonitoring.am-ի