Շվեյցարիան Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել
Շվեյցարիայի իշխանությունները մի շարք այլ երկրների օրինակին հետեւելով Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել` ի պատասխան սիրիական Հուլա քաղաքում խաղաղ բնակիչների վրա գրոհի, որի արդյունքում ավելի քան 100 մարդ զոհվեց, տեղեկացնում է “Reuters”-ը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Սիրիայի արտգործնախարարությանը, որ “պերսոնա նոն-գրատա” հայտարարելու մտադրություն ունեն Լամիա Շակուրին, ով Սիրիայի դեսպանն է միաժամանակ Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում:
Ավելի վաղ Շվեյցարիան խստորեն դատապարտել էր Հուլա քաղաքում տեղի ունեցած ոճիրը, կոչ արել միջազգային անկախ հետաքննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին:
Ավելի վաղ նման քայլի էին դիմել ԱՄՆ-ը , Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան:
ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանն արդեն մեկնել է Սիրիա: Նա կոչ է արել նախագահ Բաշար ալ-Ասադին անհապաղ դադարեցնել բռնությունը: