Կոալիցիոն հուշագիրն` այսօր. ԱԺ-ն կին փոխնախագահ կունենա /լրացված/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո, Հայաստանի Հանրապետական եւ “Օրինաց Երկիր” կուսակցությունների միջեւ կստորագրվի կոալիցիոն հուշագիր:
Մեր աղբյուրների հավաստմամբ, ՕԵԿ-ը հրաժարվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից, փոխարենը ցանկացել է ունենալ նախարարական երկու պորտֆել: Ըստ այդմ, նոր կառավարությունում ՕԵԿ-ը կունենա չորս նախարար/ դեռեւս ճշտվում է որոնք/ , իսկ ԱԺ նախագահը, նախնական տեղեկություններով, կլինի Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ փոխնախագահները նույնպես ՀՀԿ-ից են լինելու. նրանցից մեկը կին կլինի:
Ինչպես եւ սպասվում էր, ԱԺ ԳՄ-ի եւ խորհրդի նիստում քննարկվեցին ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թեկնածությունը: ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Նիկոյանին արդյունավետ աշխատանքի համար: Նիկոյանը կաշխատի այլ մարմնում:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “ՀՀԿ գործադիր եւ խորհրդի նիստում ԱԺ նախագահի պաշտոնում` Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ փոխնախագահի պաշտոնում հաստատվեց Հերմինե Նաղդալյանի եւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Այդ թեկնածություններն առաջարկեց Սերժ Սարգսյանը”,-նշեց ՀՀԿ խոսնակը:
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը , “Օրինաց երկիրը” կոալիցիա է կազմելու ՀՀԿ-ի հետ: