Բաց նամակ Հայաստանի նախագահին եւ պաշտպանության նախարարին
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Henaran.am–ը, Սիսիանի վաթսունամյա բնակչուհի Ռոզա Հովսեփյանը պատրաստվում էր բաց նամակով դիմել Հայաստանի նախագահին: Տիկին Ռոզայի որդին պայմանագրային զինծառայող էր, եւ նրա հրամանը առանց պատճառի լուծարել են:
Վեց երեխաների մայրը դիմել է նախագահին եւ պաշտպանության նախարարին: Նամակը տպագրում ենք ամբողջությամբ:
“Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Հարգարժան պարոնայք նախագահ եւ նախարար
Իմ հույսը կապելով Ձեզ հետ, խնդրում եմ հանձնարարել Սիսիանի զորամասի հրամանատարությանը, որդուս` Գեւորգ Հովսեփյանի նկատմամբ կատարեն ճիշտ որոշում: Ես վեց երեխաների մայր եմ: Հայրենիքի պաշտպանության տարիներին, երբ երկիրը ամեն հայի կարիքն ուներ, իմ աղջիկը զենքը ուսին հազարավոր տղերքի հետ, տղերքի պես, պայքարել է հանուն այսօրվա, հանուն մեր վաղվա օրվա համար, պայքարել է իր անունից ու իր երեք այն ժամանակ անչափահաս եղբայրների անունից: Այսօր եղբայրները հասունացել ու իրենք են բռնել հայրենիքը պաշտպանելու ուղին: Տղաներիցս երկուսը ծառայում են բանակում, պայմանագրային հիմունքներով: Երրորդ տղաս նույնպես որոշեց ծառայել, բայց….. Պարզվեց բանակում էլ երրորդն ավելորդ է: Հոկտեմբեր ամսին եկավ հրամանը, որով որդիս` Գեւորգ Հովսեփյանը, անցնում էր պայմանագրային զինծառայության Սիսիանի զորամասում:
Մի քանի օր հետո, որդուս ասում են, չես կարող անցնել ծառայության: Պարզաբանում են, որ դու ժամանակին թողել ես ծառայությունդ, այդ պատճառով չես կարող:
Այսօր Սիսիանի զորամասում ծառայում են տասնյակ տղաներ, որոնք հեռացվել են բանակից, բայց ծառայում են այսօր: Միթե դա կարող է հիմք հանդիսանալ, երբ զինկոմիսարիատում ընդունել են գործերը, հրաման տվող մարմինը թույլատրել է անցնել ծառայության իսկ զորամասում մերժում են:
Այնուամենայնիվ, հույսս չեմ կորցնում եւ որպես վերջին հույս դիմում եմ Ձեզ, որպես մայր, որպես հայ կին խնդրում եմ Ձեզ հանձնարարեք գործին ցուցաբերվի օրինական եւ մարդասիրական մոտեցում: Ի վերջո որդիս էլ երկու անչափահաս երեխաների հայր է:
Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ եւ մեծ հույսով սպասում եմ Ձեր արդար գործին…
Ռոզա Հովսեփյան
Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան
Իսրայելյան 63/5”