“Բանդա”-ի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը շնորհակալ է դատավորից
Մխիթար Պապոյան
Նոյեմբերի 12-ին, ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կշարունակվի “Բանդա”-ի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին), Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Henaran.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը Կարինե Ամոյանը շնորհակալություն հայտնեց դատավորին: “Չեմ կարա, դատարանի դահլիճում ասեմ, ապրի դատավորը, որ թույլատրեց տեսնենք մեր տղային, թե չէ քննիչը արգելել էր”,-ասաց տիկին Կարինեն: Դատական նիստերից մեկում պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացրել, որպեսզի վերացնեն արգելանքը եւ թույլատրեն տեսակցություն: Դատարանը բավարարել էր միջնորդությունները:
Տիկին Կարինեն նաեւ ասաց, որ եզդիների համայնքն էլ է շնորհակալ Պապոյանից: “Նամակ են ուղարկել դատավորի վերադասին, Աստված պահի նրան: Երեւում ա որ արդար ա ու անմեղներին կազատի, չի պատժի”,-հեռախոսազրույցում հուզված նշեց տիկին Կարինեն:
Վերջինս անընդհատ կրկնում է, որ իր որդին մեղավոր չի, եւ իրեն վերագրող մեղադրանքի օրերին Քյարամ Ամոյանը Հայաստանում չէր:
Ըստ մեղադրանքի, Քյարամ Թոռնիկի Ամոյանը 2011թվականի սեպտեմբերին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի եւ Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված եւ ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի “ԱԿ-74” տեսակի “ԱՎ 312939” համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի “ՏՕԶ-49” տեսակի “ԻՔՍ-Ն 1105” համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի “Մակարով” տեսակի “ՍԿ 3540 Պ” համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի “ՏՏ” տեսակի “ՕԳ 34” համարի ատրճանակով, “ՏՏ” տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, “ԲԼՈՈւ Ց 06” տեսակի “7-012348” համարի մարտականի ձեւափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով եւ դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011թվականի սեպտեմբերի լեւյս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Բացի այդ, Քյարամ Ամոյանը մինչեւ բանդային անդամագրվելը, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել-կրել է “ԲԼՈՈւ Ց 06” տեսակի “7-012348” համարի մարտականի ձեւափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակը եւ դրանից կրակոցներ արձակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտները:
Տիկին Կարինեն մեկ անգամ եւս խնդրում է տուժողներին` իմ արցունքները մի տարեք ձեր տները, եթե չեք ետսել իմ որդուն, սուտ մատնություն մի տվեք: “Աստված մեծ է, մեկ ա տեսնում ա սաղին”,-ասաց տիկին Կարինեն: Նրա խոսքով, որդին հիվանդ է եւ նույնիսկ կալանավայրում ինսուլտ է ստացել: