Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույց է տեղի ունեցել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական զորքերի` Սիրիայում և Իրաքում իրականացրած գործողությունների մասին:
Մերկելը աջակցություն է հայտնել Դավութօղլուին ահաբեկչության դեմ մղվող պայքարում և հիշեցրել, որ համապատասխան միջոցներ ձերնարկելիս պետք է հետևել դրանց համաչափ լինելուն:
Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին թուրքական իշխանությունները և ՔԲԿ-ն չեն հրաժարվի սկսված խաղաղության գործընթացից:
Հիշեցնենք, որ ԻՊ–ի ահաբեկիչների կողմից թուրք ենթասպայի սպանվելուց հետո, Թուրքիան ներխուժելով Սիրիայի տարածք, օդային հարվածներ էր հասցրել ԻՊ-ի դիրքերին, որի արդյունքում ըստ թուրքական մի շարք աղբյուրների` սպանվել էր առնվազն 35 ԻՊ-ական:
Թուրքական կործանիչները բացի Սիրիայից ներխուժել էին նաև Իրաք և ռմբակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարները:
Աղբյուր` Ermenihaber.am