06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսոն պահանջում է.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:

Ներկայացել էին երեք վկաներ՝ Մովսես Ներսիսյանին մանկուց ճանաչած երկու հարևանները՝ Աճառյան փողոցից, և Մովսեսի օրինական կինը:

Երեք վկաներն էլ այս գործով ոչ մի կարևոր բան չգիտեին:

Մովսեսի կինը հայտնեց, որ մոտ 13 տարի Մովսեսի հետ փաստացի չի ապրել, նրա գործերից ոչ մի տեղեկություն չունի: Նրանք երկու որդի ունեն: Կինը վերջին անգամ զանգահարել է Մովսեսին, որ պայմանավորվեն զագս գնալու և վերջապես օրինական ամուսնալուծության դիմում գրելու համար, բայց Մովսեսի հեռախոսը չի պատասխանել:

Դատակոչված վկաների մի մասը հենց Մովսեսի հեռախոսահամարի վերծանումների պարզաբանման առումով է հարցաքննվել, բայց թե կոնկրետ ինչո՞ւ էին դատակոչվել ներկա նիստին հարցաքննված երեք վկաները, դժվար է ասել:

Այս կարգի վկաներին ամբաստանյալ Իսահակ Սարգսյանի շահերի պաշտպանն անվանեց «ավելորդ վկաներ, խլապուշկի ձեն լսողներ»:

Պաշտպանը հայտարարեց, թե նման վկաներին ոչ մի հարց չի տալու. «Դատակոչված վկաների 80%-ը ավելորդ մարդիկ են: Նրանք գործի համար կարևոր ոչ մի ինֆորմացիա չեն տալիս կամ ինֆորմացիա են տալիս, որ ոչ մեկին պետք չէ… Մեկ ա՝ սենց պիտի գան ու գնան, ոչ մեկ ոչ մի կարևոր բան չի ասելու…»:

Պաշտպանը պահանջեց, որ այս գործով երկրորդ մեղադրյալ Տիգրան Ասատրյանը անպայման ներկայացվի դատարան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ