Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ հարաբերությունն է
2011թ. դրությամբ աշխարհում գրանցվել է երեսունչորս մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց մեծ մասը՝ 23.5 մլն.-ը՝ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում` Հայաստանը և Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1.4մլն-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ մեր տարածարշջանում վարակվածների թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 2.5 մլն մարդ: ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1.7 մլն մարդ, որից 92 հազարը՝ մեր տարածաշրջանում:
ՀՀ-ում մինչև այսօր գրանցվել է ՄԻԱՎ-ի վարակման 1359 դեպք, որից 206-ը՝ այս տարվա տասնմեկ ամիսների ընթացքում, ինչը գերազանցում է բոլոր տարիների ցուցանիշները: Վարակակիրների թվում գերազանցում են արական սեռի ներկայացուցիչները՝ 954 /70.2%/, իսկ իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 405 դեպք /29.8%/: 26 դեպք է արձանագրվել երեխաների մոտ:
՛՛Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ հարաբերությունները՝ 56.4%-ը, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը՝ 34.4%՛՛,-ասաց Գրիգորյանը: ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 526 դեպք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է:
ԱՆ փոխնախարարը հավելեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
Հիշեցնենք, դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: