Նախագահ Էրդողանին երբեք չեմ ների. Թուրքիայի մեջլիսի հայ կին պատգամավոր

Թուրքիայի մեջլիսի նորընտիր երեք հայ պատգամվորներից Սելինա Օզուզուն Դողանը հայտնել է, որ երբեք չի ների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Ներողություն, ինձ հայ էլ են ասել» արտահայտության համար, գրում է Ermenihaber.am-ը:
Դողանը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, այս մասին հայտնել է թուրքական «Sözcü» պարբերականին տված հայրցազրույցում:
Դողանն ասել է, որ դեռևս իրեն չի հաջողվել հանդիպել Թուրքիայի նախագահի հետ, բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ կարծում է, որ նրան հենց «Ներողություն, ես հայ եմ» խոսքերով է դիմելու:
Թուրքիայի խորհրդարանում իր ապագա գործունեության մասին հարցին պատասխանելիս՝ Դողանը նշել է, որ իր համար առաջնային է լինելու պայքարը խոսքի ազատության համար և կռվելու է ատելության սերմանող արտահայտությունների դեմ:
Դողանը պատրաստվում է պայքարել բոլոր տեսակի խտրականությունների դեմ, միաժամանակ աշխատել նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:
«Սակայն փոքրամասնությունների հարցում միայն հայերի համար չեմ աշխատելու, քանի որ նույն անարդարությանը ենթարկվում են նաև ալևիները, քրդերը, հույները: Ընդհանուր առմամբ ոչ մահմեդական փոքրամասնությունների հարցում լուրջ խնդիրներ ունենք: Դրանք էլ սկիզբ են առնում ատելությունից», նշել է ԺՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ այդպես էլ ոչ մի կերպ կիրառության մեջ չհաջողվեց դնել հավասար քաղաքացիության գաղափարը, իսկ հայ, հույն և հրեա բառերը դեռ շարունակում են ընկալվել իբրև հայհոյանք, ինչի պատճառով կարգավորման, լուծման ուղղված առաջարկները հնարավոր չի լինում կյանքի կոչել:
Լրագրողի այն հարցին, թե ինչու է Սելինան իրեն ներկայացնելիս ասում «Թուրքիայի քաղաքացի հայ», այլ ոչ թե «թուրքահայ», նա պատասխանել է, որ ինքը նախ հայ է, ապա նոր Թուրքիայի քաղաքացի:
Աղբյուր` Ermenihaber.am