Դա չպետք է իրականացվեր. թուրք դոկոտորը` Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման մասին
“Ես չէի ասի, որ թշնամություն կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Կան անհամաձայնություններ, բայց ոչ թշնամություն: Երկու երկրները պատերազմի մեջ չեն”,- Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում” միջազգային համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր, դոկտոր Մուսթաֆա Այդինը:
Խոսելով 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության խնդրից, նա նշել է .” Ես չեմ կարծում, որ եղել է Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ եղել են սպանություններ եւ շատ մարդիկ են մահացել”:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վրա, Մուսթաֆա Այդինն ասել է.”Դա իրոք ազդում է, Ադրբեջանը հատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի որոշ զանգվածների հետ եւ նրանք ունեն այդ հնարավորությունը, որպեսզի ազդեն” : Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական հարաբերությունների առանցքում քաղաքական , տնտեսական եւ ռազմավարական խնդիրներն են:
Henaran.am-ի խնդրանքով Մուսթաֆա Այդինն անդրադարձել է նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու Ադրբեջանում հերոսացման հարցին: Դատապարտելով Ադրբեջանի քայլը, նա նշել է. “Դա չպետք է իրականացվեր”:
Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, Մուսթաֆա Այդինն ասել է. “Շատ վատ է, որ 1993-ից Թուրքիան է սառեցրել հարաբերությունները: Ես կարծում եմ, որ սահմանը պետք է բացվի եւ հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց դա շատ ժամանակ եւ բանակցություններ է պահանջում”: