Նաղդալյանի ուղերձը ԵԽԽՎ-ին
Այսօր, հունիսի 25-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձևաչափում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցեց 2 կարևոր ուղերձ` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽ ԽՎ-ի հետ համագործակցության և ՀՀ խորհրդարանի` ,, Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների,, միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները:
Մինչ այդ իր ելույթում տիկին Նաղդալյանը հարկ համարեց հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել էր Չիրագովի գործին առնչվող դատարանի որոշմանը`որակելով վերջինիս խոսքերը ամբողջությամբ մտացածին և կեղծ:
Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակը հիշատակել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով դա Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլևս հաստատված հիմք: Միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահը փաստեց ադրբեջանցիների կողմից հարցերի միակողմանի ներկայացման տարածված պրակտիկան` առաջարկելով նրանց խոսել ՄԻԵԴ այն որոշումներից, որոնք Ադրբեջանի դեմ են` ինչպես փախստականների, այնպես էլ քաղաքական հետապնդումների մասով:
ԱԺ փոխնախագահի ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ`
Կարճ արձագանք իմ ադրբեջանցի գործընկերոջը. որևէ խոսք չկա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մասին: Դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի գործընկերը մոռանում է նշել նույն թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ վճիռը:
Բացի այդ, կան մի շարք վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնցում դատարանը Ադրբեջանին շարունակ կոչ է արել ազատ արձակել լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, Բաքվի ԵԽ դպրոցի տնօրենին: Սակայն, ըստ երևույթին, այդ դատողությունները չեն հետաքրքրել իմ ադրբեջանցի գործընկերոջը, ով փորձում է կեղծ տեղեկություններ տարածել դատարանի վճիռների մասին:
Հարգելի գործընկերներ,
Երկու ուղերձ ունեմ, որոնք կցանկանայի ներկայացնել ձեր ուշադրությանը:
Վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իմ գործընկերների խնդրանքով` ձեզ եմ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը: Հայտարարությունը ապագայի մասին է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատրաստակամության` կառուցելու իրենց երկիրը համագործակցելով այս մարմնի հետ ` նրա սկզբունքների և արժեքների հիման վրա, որոնք նրանք կիսում են:
Անարդար է անտեսել այս ժողովրդին` իրենց Հանրապետության կարգավիճակի պատճառով: Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդավարություն են, որոնք երբեք չեն դառնա այն երկրի մասը, որտեղ իշխում է ժառանգական ավտորիտար ռեժիմը:
Չնայած անցկացված ընտրություններին, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ դիտորդների` լիարժեք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի`իր ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու համար:
Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաև քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին` խնդրում եմ, ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը և կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները:
Մեր Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից` խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը:
Եվրոպայի խորհուրդը ունի նման փորձ Եվրոպայի և աշխարհի այլ հատվածներում: Եկեք որոշ ժամանակով մոռանանք երկակի ստանդարտները, և թող մեզ առաջնորդեն մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: Եվրոպայում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ համապատասխան փաստաթղթերով:
Իմ երկրորդ ուղերձն առնչվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությանը:
Դուք տեղյակ եք, որ այս տարի նշվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Մենք շնորհակալ ենք այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին և զորակցությունը հայտնեցին այդ օրերին: Հիրավի, կարևոր է մեզ համար զգալ, որ, ի վերջո, մենք միայնակ չենք, և որ միջազգային հանրությունը և մեր ընկերները կանգնած են մեր կողքին:
Հարյուր տարի անց աշխարհը ապահովագրված չէ ցեղասպանություններից: Եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվեր և դատապարտվեր, մենք կարող էինք խուսափել մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնություններից: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգ` մենք պատասխանատվություն ենք զգում նախաձեռնելու միջազգային արշավ ցեղասպանությունների դեմ:
Ժողովրդի կողմից ընտրված լինելով , մենք` խորհրդարանականներս, պետք է առաջ մղենք այդ ջանքերը: Մենք հավատում ենք, որ միջազգային խորհրդարանական ամբիոնը համագործակցության արդյունավետ գործիք է` մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների համատեղ պայքարում:
Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» պլատֆորմ: Մենք կոչ ենք անում բոլորիդ միանալ այս նախաձեռնությանը: Համապատասխան նամակներ կուղարկվեն ԵԽ անդամ պետություններին, ինչպես նաև, ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Հավատացած եմ, որ կմիանաք այս հարթակին` միասին այս աշխարհը դարձնելու ապահով ու ավելի լավ վայր: