Դավիթի վրայից արյան հոտ էի զգում. մատուցողուհու դաժան սպանությունից. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի հետ ինտիմ կապը խզելուց հետո նրա հետ ինքը չի վիճաբանել, սեռական հարաբերություններ չի ունեցել, իսկ Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը:
Նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Ինքը սուտ ցուցմունք է տվել նաև, երբ ասել է, թե սատանայապաշտական խմբի անդամ է եղել: Սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Դատարանը շարունակում է վկաների հարցաքննությունը:
Հարցաքննվեց գործով կարևոր վկա Միլենան. տուժող մատուցողուհու հետ մտերմությունը խզելուց հետո Դավիթ Թամրազյանը մտերիմ է եղել այս կնոջ հետ:
Նախաքննական սկզբնական ցուցմունքում Միլենան հայտնել է, թե սպանության մասին ոչինչ չգիտի, սպանության ժամանակահատվածում ինքն ու Դավիթը միասին են եղել:
Բայց հետո վկան փոխել է ցուցմունքը, տվել է սպանության մեջ Դավիթին մերկացնող ցուցմունք՝ նշելով, որ սպանությունից անմիջապես հետո իրենք հանդիպել են, Դավիթն իրեն պատմել է, որ սպանել է Մ.-ին:
Դատարանում այս վկան շարունակում է տալ Դավիթին մեղադրող ցուցմունք՝ պնդելով իր նախաքննական հիմնական ցուցմունքները:
Վկան հայտնեց, թե Դավիթի հետ վեց ամիս աշխատել է երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում. Դավիթը եղել է խոհարար, ինքը՝ մատուցողուհի: Տուժող Մ.-ն իրենց հետ աշխատել է երեք օր:
Հետո վկան դուրս է եկել աշխատանքից, որոշ ժամանակ անց աշխատանքից դուրս է եկել նաև Դավիթը:
Այդ ժամանակ Դավիթն ու Միլենան դեռ լավ ընկերներ են եղել:
Միլենան մի «Հացատուն» է վերցրել, որ աշխատեցնի: Դավիթը, որպես ընկեր, ամեն օր հանդիպել է նրան և օգնել: Այդ ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել են, միմյանց հետ սեռական հարաբերություններ են ունեցել, ինքը «գրեթե» Դավիթի կինն է եղել՝ ապագա կինը: