Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի եկող շաբաթ
Անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը եկող շաբաթ կբերեն Հայաստան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհու մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը: Վերջինս չի կարող դեռ կոնկրետ օր նշել, դա կախված է Լոս Անջելեսում կազմակերպվելիք հոգեհանգստյան արարողության հետ: “Գործող կարգի համաձայն, արդեն եկող շաբաթ լրանում է ժամկետները, եւ պետք է տիկին Ֆլորայի աճյունը հանձնվի հարազատներին: Դրանից հետո միայն պարզ կլինեն տեղափոխման ժամկետները”,-ասաց մամուլի պատասխանատուն:
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Երգչուհու դին Հայաստան տեղափոխման, հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը: Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում: Նախնական եզրակացությամբ, մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են:
Ավելացնենք, որ ըստ երգչուհու մամուլի հարցերով պատասխանատուի, Հայաստանում եւս կազմակերպվելու է հոգեհանգստյան արարողություն: