ԱԱԽ քարտուղարը “Ռանչպարում” էր
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը եւ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ “Ռանչպար” ուղեկալ:
Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական սահմանի տեղամասերում, հանդիպել զինվորականության հետ, ծանոթացել սահմանապահների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ` ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին:
Ա. Բաղդասարյանը սահմանապահներին ներկայացրեց սահամանապահ զորքերի զինծառայության մակարդակի զարգացմանն ուղղված ծրագրերը: “Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԱԽ-ների համագործակցության ծրագրով նախատեսվում են սահմանային անվտանգության զարգացման հստակ քայլեր: Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվող Հայաստանի սահմանային անցակետերի եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի իրականացմանը: ՌԴ-ի սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով այսօր բարձր մակարդակով են իրականացնում պետական սահմանի պահպանությունը”,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը եւ Դմիտրի Բեզդելովը պատասխանեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ”Ռոսգրանիցա” պետական գործակալության ներկայացուցչության բացման հետ կապված հարցերին, ըստ որի արդեն կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներկայացուցչության բացման աշխատանքների իրականացման վերաբերյալ: “Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների եւ անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները: Դա Հայաստանի համար ունի քաղաքական, ինչպես նաեւ անվտանգության մակարդակի ամրապնդման եւ բարձրացման կարեւոր նշանակություն”,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի, այսօրվա դրությամբ` ՀՀ պետական սահմաններում, որտեղ իրենք իրականացնում են սահմանապահ հերթապահություն, հանգիստ եւ կայուն իրավիճակ է:
“Որեւէ անհանգստություն գոյություն չունի: Մենք մեր առջեւ դրված խնդիրները բարձր մակադակով իրականացնում ենք”,- ասաց Վ. Վլասովը: Նա գոհունակություն հայտնեց, որ ՌԴ սահմանապահ զորքերին հուզող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում: