Հաստատվեցին Երեւան քաղաքի հարկերն ու տուրքերը
Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երեւանի ավագանին հավանություն է տվել Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել “Մեդիքալ Ինվեստ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոն” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու եւ ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: “Մեդիքալ Ինվեստ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու եւ բուժ. անձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:
Հաշվի առնելով Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ կիրառելով “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երեւան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի եւ տուրքերի դրույքաչափերը:
Երեւանի ավագանին հավանությունէ տվել նաեւ Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն