Սփյուռքի հայերը որպես թշնամի են ներկայացվում. Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանը ստացել է պատգամավորական մանդատը: Մեջլիսում գրանցվելուց հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Դողանը ցանկություն է հայտնել մոտ ապագայում քաղծառայողների շրջանում ոչ միայն հայ պատգամավոր, այլև ասորի դատավոր, հրեա գնդապետ ևս տեսնել, գրում է Ermenihaber.am-ը:
«E-taraftar» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դողանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին: Հայ պատգամավորը կարծում է, որ պետք է հրաժարվել մինչև այս ցուցաբերվող ծայրահեղ վերաբերմունքից և համերխության միջավայր ստեղծել: Ըստ Դողանի՝ անհրաժեշտ է Թուրքիայի հայ համայնքի և աշխարհասփյուռ 7-8 միլիոն հայերի հետ քննարկման ավելի ժողովրդավար, դրական միջավայր ապահովել՝ հաշվի առնելով նաև Հայաստանի բնակչությանը:
«Այն մարդիկ, որոնց գիտենք «Սփյուռք» անվամբ, որպես թշնամի են ներկայացվում: Դրանք այն մարդիկ են, ովքեր Անատոլիայից վտարվել և Անատոլիան կարոտով են հիշում: Այս հարցին անհրաժեշտ է մոտենալ ավելի խաղաղ մեթոդներով. առանց թշնամացնելու, նրանց պահանջները, զգացմունքները հաշվի առնելով»,-նշել է Դողանը:
Աղբյուր` Ermenihaber.am