«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության պայքարը նոր թափ է ստանում

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը միացել է «Ոչ թալանին» նախաձեռնությանը և հնարավորինս պայքարելու են, որ էլեկտրաէներգիան չթանականա։ Սակայն մինչև էլեկտրաէներգիայի դեմ պայքարելը նրանք ունեն կառավարության հետ իրենց հաշիվները։
«Հունիսի 16-ին Մերգելյան ինստիտուտի մոտից ավտոերթ ենք անցկացնելու մինչև Ճանապարհային ոստիկանության շենք և ներկայացնելու ենք մեր պահանջները՝ վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր եւ ընդհանրապես զրկման համար, նախկին տուգանքների եւ դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում, ապահովել մատչելի երթեւեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արսեն Պետրոսյանն էլ անդրադարձավ կարմիր գծերին։ Նա ասում է, որ փողոցները կարմիր գծերով ներկող «Փարկինգ սիթի» ընկերությունը իրականում քաղաքացիներին որևէ ծառայություն չի մատուցում այլ փող աշխատելով է զբաղված։
«Մենք էլ մեր հերթին չենք պատրաստվում չարված գործի դիմաց վճարել նրանց»,- նշեց նա: