01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյուղի ամրացումը ռազմավարական հարց է.ԼՂՀ վարչապետ

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ առաջարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներով և հաշվի առնելով նորընտիր Ազգային ժողովում ներկայացված  կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները: Առաջարկվող ծրագրով կառավարությունը նախատեսում է շարունակել իր գործունեությունը՝ ուղղված հնգամյա գործունեության համար հռչակած հետևյալ 4 գերակայությունների իրագործմանը.

1. Տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում.

2. Առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացում, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովում.

3. Արցախի  պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում.

4. ԼՂՀ միջազգային ճանաչում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում:

«Հաշվի առնելով ներկա իրողությունները, երկրի ներքին և արտաքին միջավայրի զարգացումներն ու մարտահրավերները՝ կառավարությունը, որոշակի ճշգրտում մտցնելով գործունեությունից ակնկալվող նախանշված արդյունքներում, ծրագրել է առաջիկա երեք տարվա գործունեության մի շարք արդյունքներ»,- հավելել է Լ. Գրիգորյանը՝ ներկայացնելով դրանցից որոշները:

Ա. Հարությունյանն իր խոսքում նշել է. «Կառավարության ծրագիրը, որը սկիզբ է դրվել 2007 թվականին և որոշակի չափով փոփոխվել  2012-ին, ԱԺ-ի առաջիկա նիստի հաստատմանն է ներկայացվելու առանց արմատական փոփոխության՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը կառավարության վստահության հարցում: Այդ ծրագրով է գործադիրը առաջնոդվելու  մինչև 2017 թվականը՝ ապահովելով սկսված աշխատանքների շարունակականությունը»:

Աժ կներկայացվեն նաև  ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին»  ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը, որն արժանացել է նիստի մասնակիցների հավանությանը: Նախագծերի ընդունմամբ կսահմանվի  Ազգային ժողովի՝ արդեն  մշտական հիմունքներով գործող պատգամավորների վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում նոր` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի ավելացմամբ, ինչպես նաև այդ պաշտոնի համար վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի նախատեսման նպատակով:

««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող տնտեսվարող սուբյեկտներին  թույլատրել մինչև  ապրանքները իրացնելու վերջնաժամկետը լրանալը դրոշմավորել իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները: Միաժամանակ, առաջարկվում է մինչև սեպտեմբերի 30-ը երկարացնել առանց դրոշմավորման որոշ ապրանքներ երկրորդային շուկայում իրացնելու թույլատրելի ժամկետը:

««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել անհատ ձեռնարկատերերի աշխատանքային ստաժի հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես, ըստ նախագծի՝ անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը հաշվառվելու է աշխատանքային ստաժում, եթե անձը վճարել է եկամտային հարկ: Առաջարկվող փոփոխությունը տարածվում է նաև 2014 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 Նիստում գործադիր մարմինը սահմանել է դատավորի կենսաթոշակի նկատմամբ ամենամսյա հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը:

Կառավարության որոշմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում, անձին տրվող ամենամսյա դրամական օգնության վճարումը դադարեցվում է՝ կենսաթոշակի նշանակման պահից։

2012-2017 թվականների գործունեության ծրագրի իրականացման անհրաժեշտությունից  ելնելով՝ կառավարությունը մեկնարկում է նոր ծրագիր, որի համաձայն  հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին, բնակելի տներ կառուցելու նպատակով, տրամադրվելու է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում:  Այն ուղղված է գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բնակելի տներով ապահովմանը:

«Այս ծրագրով կյանքի ենք կոչում նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը: Սրանով նպատակ ունենք վերացնել հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքաբնակների և դրանից զուրկ գյուղաբնակների միջև սոցիալական անարդարությունը՝ պետական բյուջեից հավասարաչափ օգտվելու հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիների համար: Բացի դրանից, գյուղերում խթանելու ենք բնակարանաշինությունը՝ այդ կերպ լուծելով գյուղի ամրացման ռազմավարական հարցը»,- նշել է Արայիկ Հարությունյանը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ