Սերժ Սարգսյանն այցելել է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Մինչ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անթիլիասում համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է կաթողիկոսության Կիլիկյան Խաչի բարձրագույն շքանշանով:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման մեծ պարգևի և պատվի արժանացնելու համար: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադառնալով ”Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայաստանով” կարգախոսին՝ Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն ոչ միայն կարգախոս է, այլ՝ կենսակերպ: Այդ կարգախոսը, Նախագահի խոսքով, պարտավոր ենք բոլորով միասին մեծ ջանքերով ի կատար ածել: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեր ազգային իղձերին լիբանանահայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նվիրվածությունը, որն արտահայտվում է կոնկրետ գործերով:
Հանրապետության նախագահը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վաղուց միայն հոգևոր կենտրոն չէ, այլ՝ հայապահպանության մի հզոր աղբյուր, որի կենարար ազդեցությունն իր վրա մշտապես զգում է ողջ հայ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամբողջ հոգևոր դասի գործունեությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորությամբ. ”Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու ձեզ և, իհարկե, հաճույքով աշխատելու ձեր աղոթքների ներքո:
Թող Աստված պահի, պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայոց աշխարհը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր նվիրյալ գահակալով”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: