Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ծննդաբերների եւ ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։
Հրամանով հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով եւ բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ եւ այլն):
Վճարովի այս ծառայության գները սահմանում է բժշկական կազմակերպության տնօրինությունը։ Սակայն այն չպետք է գերազանցի 10, 15 եւ 20 000 հազար դրամը` պայմանավորված հրամանով ամրագրված առաջարկվող պայմաններից։ Միաժամանակ, վճարովի ծառայությունների գնացուցակը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում եւ տեղադրվի կազմակերպության կայքէջում:
Նույն հրամանով պետական պատվերի շրջանակներում ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններին ներկայացվում են որոշակի պահանջներ եւ պայմաններ.
1) ծննդաբերների եւ ծննդկանների համար նախատեսված վճարովի մահճակալների մասնաբաժինը չի կարող գերազանցել ծննդաբերական բաժանմունքի/ների մահճակալների ընդհանուր թվի 1/3-ը,
2) վճարովի հիվանդասենյակները պետք է մատուցվեն պացիենտի (ծննդկանի /ծննդաբերի կամ նրա օրինական ներկայացուցչի) եւ բուժհաստատության միջեւ կնքվող պայմանագրի հիման վրա,
3) հիվանդասենյակների վրա պարտադիր պետք է փակցված լինեն «վճարովի» կամ «անվճար» անշարժ ցուցանակներ,
4) պետք է բացառվեն վճարովի հիվանդասենյակներից օգտվելու ուղղորդումը եւ/կամ անվճար պալատներում ազատ մահճակալների բացակայության պատճառով վճարովի պալատների առաջարկը: Նման դեպքերում բուժհաստատությունը պարտավոր է անվճար հիմունքներով տրամադրել վճարովի պալատ, մինչեւ անվճար պալատում տեղի ազատվելը,
5) ծննդատան հիմնական մուտքերում, ընդունարանում եւ բաժանմունքում/ներում, տեսանելի տեղում պետք է փակցված լինի hայտարարություն, հետեւյալի մասին.
ա.«Վճարովի հիվանդասենյակները տրամադրվում են միայն Ձեր ցանկությամբ եւ գրավոր համաձայնությամբ»,
բ. «Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել տնօրինությանը, իսկ դրանց չլուծման պարագայում դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` 52-88-72 կամ 52-15-59 հեռախոսահամարներով»:
Միաժամանակ, ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններից պահանջվում է բարելավել ծննդաբերական բաժանմունքների անվճար հիվանդասենյակների պայմանները` առաջնորդվելով հրամանով սահմանված չափորոշիչներով։
ՀՀ առողջապահության նախարարի նույն հրամանով դեկտեմբերի 1-ից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին եւ ծննդկաններին կատարվող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:
Տեսակցությունները պետք է կազմակերպվեն այցեքարտերի միջոցով` յուրաքանչյուր ծննդկանին տրամադրելով «այցելուի անհատական այցեքարտ» ծննդկանի/ծննդաբերի կողմից ընտրված երկու, իսկ առանձին դեպքերում, տնօրինության որոշմամբ, երեք անձի համար: Ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից ծննդկանի/ծննդաբերի խնամքի կազմակերպման դեպքում այցելությունների նպատակով կտրամադրվի «խնամողի անհատական այցեքարտ»` առանց այցելությունների ժամային սահմանափակման:
Նախարար Դումանյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ստեղծել առանձին պայմաններ (սենյակ, անկյուն), հիվանդասենյակից դուրս` ծննդկանների/ծննդաբերների եւ այցելուների տեսակցությունը կազմակերպելու համար:
Հրամանով պահանջվում է հաստատել եւ ընդունարանում, հիմնական մուտքերում փակցնել, ինչպես նաեւ կազմակերպության կայքէջում տեղադրել տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ բուժհաստատության ներքին ընթացակարգ` ներառելով ներկայացվող սահմանափակումները.
տեսակցությունները թույլատրել ժամը 15:00-ից մինչեւ ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում,
տեսակցություններն արգելել`
տվյալ պահին սուր վարակիչ հիվանդությամբ տառապող անձանց,
ոչ սթափ վիճակում գտնվող անձանց,
անկայուն, ակնհայտ անսովոր հոգեվիճակում գտնվող անձանց,
համաճարակային իրավիճակներում,
մինչեւ 15 տարեկան երեխաներին:
Սույն հրամանով սահմանված սահմանափակումները չեն տարածվում գինեկոլոգիական եւ հղիության ախտաբանության բաժանմունքների վրա: